8 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 15 միլիոն դրամ, 1 մլն ռուբլի. «Մայր Հայաստան»-ի ցուցակի 1-ին համարի ունեցվածքը
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան»-ի ցուցակը գլխավորող «Դողս Մարկետ» ՍՊԸ-ի տնօրեն Գրիշա Հարությունյանը ԿԸՀ է ներկայացրել իր հայտարարագիրը։ Դողսի նախկին համայնքապետը, որը պաշտոնավարել է 2016-ից մինչև 2021 թվականները, հասցրել է ահագին գույք «հետ գցել»։ Մասնավորապես, Դողս համայնքում նա երեք հողամաս ունի՝ երկուսը սեփականության, մեկը՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով։ Որպես անշարժ գույք հայտարարագրել է նաև 1 պահեստ Դողսում, երկու տնամերձ հողամաս, ինչպես նաև նույն համայնքում գտնվող 1 բնակելի տուն ու մեկ բնակարան՝ Էջմիածնում։ Հետաքրքիր է՝ այսքան անշարժ գույքը 36-ամյա Հարությունյանը հալալ քրտինքո՞վ է ձեռք բերել, թե՞ դեր է խաղացել համայնքի ղեկավար լինելու հանգամանքը։ Հարությունյանը հայտարարագրել է նաև միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող 5 տրանսպորտային միջոց՝ Լադա 06 (1988), Լադա 07(2007), ՈՒԱԶ PATRIOT (2015), Snյոտա CAMRY (2017), ԳԱԶ 53 (1980)։
Որպես եկամուտ թեկնածուն հայտարարագրել է 15 միլիոն դրամ, որը ստացել է «Դողս Մարկետ» ՍՊԸ-ից։ Հարությունյանի դրամական միջոցները կազմում են 15 միլիոն դրամ, 1 մլն ռուսական ռուբլի, 10 հազար ԱՄՆ դոլար։
Հիշեցնենք՝ Գրիշա Հարությունյանը համայնքի ղեկավարի կարգավիճակում ընդգրկված էր Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 100-րդ հորիզոնականում։




















