Այս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖ

Այս տարի Սոմալիում գրեթե 1.9 միլիոն երեխա կտուժի թերսնումից, և երկրում 32%-ով աճել է թերսնման դեպքերը։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
ՄԱԿ-ի մանկական գործակալության խոսնակ Ջեյմս Էլդերը հայտնել է, որ մինչ այժմ 205 առողջապահական և սննդի հաստատություններ փակվել են մարդասիրական օգնության աննախադեպ կրճատումներից հետո։ Նա ասել է, որ ամբողջ երկրում կարող է փակվել մինչև 618 առողջապահական հաստատություն։
«Ավելի քիչ հաստատությունները նշանակում են ավելի երկար ճանապարհներ մայրերի և նրանց երեխաների համար. ավելի երկար ճանապարհները նշանակում են ուշացած բուժում. ուշացած բուժումը նշանակում է ավելի ծանր հիվանդություն և կանխարգելելի մահվան ավելի մեծ ռիսկ», - ասել է Էլդերը։
Սոմալին բախվում է վատթարացող կլիմայական ճգնաժամի՝ հյուսիսի որոշ հատվածներում ուժեղ երաշտի, հակամարտության և տեղահանության, իսկ Իրանի պատերազմի պատճառով՝ վառելիքի և պարարտանյութերի գների աճի։
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը ավելի վաղ հայտնել էր, որ Սոմալիի որոշ հատվածներում սուր թերսնման դեմ պայքարի համար նախատեսված ֆինանսավորումը այս տարի նվազել է ավելի քան 80%-ով, քանի որ ԱՄՆ-ն դադարեցրել է ֆինանսավորումը, իսկ արևմտյան այլ երկրներ նույնպես կրճատել են օգնությունը։
«Այս ամենը համընկնում է Սոմալիի սարսափելի իրականության հետ. այս տարի կանխատեսվում է, որ գրեթե 1.9 միլիոն երեխա կտուժի թերսնումից, այդ թվում՝ գրեթե կես միլիոնը՝ ծանր թերսնումից, որը ամենամահացու ձևն է», - ասել է Էլդերը։




















