top of page

Քրեակատարողական ծառայությունը կարիք ունի ժամանակակից չափանիշներին համապատասխանող լուրջ բարեփոխումների. ՄԻՊ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 19
  • 1 min read
ree

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 19-ին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Պաշտպանը հանդես է եկել շնորհավորական խոսքով՝ ընդգծելով քրեակատարողական համակարգի կարևոր դերը մարդու իրավունքներին առնչվող տարբեր խնդիրների հասցեավորման տեսանկյունից․

«Սրտանց շնորհավորում եմ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթում եմ արժանապատիվ, արդյունավետ, պրոֆեսիոնալ և իրավունքահեն ծառայություն: Պատշաճ մակարդակով իրականացվելու դեպքում այս ծառայությունն իրական առաքելություն է, որը կարող է առանցքային ազդեցություն ունենալ մարդկանց ճակատագրերի վրա:

Թեև մեր հաղորդակցությունը հիմնականում տեղի է ունենում ՄԻՊ կողմից խնդիրների արձանագրման համատեքստում, սակայն ուզում եմ հատուկ ընդգծել, որ Քրեակատարողական ծառայության հետ ձևավորված են գործընկերային և կառուցողական հարաբերություններ։ Ինչպես Արդարադատության նախարարությունը, այնպես էլ Քրեակատարողական ծառայությունը ցուցաբերում են կառուցողական մոտեցում՝ մեր կողմից արձանագրված խնդիրների հասցեավորման և դրանց լուծման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման հարցում:

Այս համակարգը կարիք ունի ժամանակակից չափանիշներին համապատասխանող լուրջ բարեփոխումների, որոնք պետք է իրականացվեն այն տրամաբանությամբ, որ հնարավոր չէ կառուցել նոր համակարգ՝ հին մոտեցումներով»,-ասել է Անահիտ Մանասյանը:

Ամփոփելով խոսքը՝ Պաշտպանը քրեակատարողական ծառայողներին մաղթել է արդյունավետ, արգասաբեր, բարձր պրոֆեսիոնալիզմով և արժանապատիվ ծառայություն:

Միջոցառմանը մասնակցել են Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության, այլ պետական մարմինների, ՄԻՊ աշխատակազմի, ակադեմիական համայնքի ղեկավար կազմն ու ներկայացուցիչները։

Այնուհետև Պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա է եղել Քրեակատարողական ծառայողների պարգևատրման արարողությանը:

Միջոցառման շրջանակում անցկացվել է նաև «Քրեակատարողական համակարգ․ բարեփոխումներ և մարտահրավերներ» թեմայով գիտաժողով:

 
 
1/2378
bottom of page