top of page

Չինաստանը անկեղծորեն ուրախ է Հայաստանի գրանցած առաջընթացով. ՉԺՀ ԱԳ փոխնախարար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 24
  • 2 min read
ree

Սեպտեմբերի 22-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը Պեկինի China World հյուրանոցում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 34-ամյակին: Այս մասին տեղեկացնում են Չինաստանում ՀՀ դեսպանությունից:


Միջոցառմանը ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՉԺՀ տարբեր գերատեսչություններ ներկայացնող պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի և Չինաստանի հասարակական կյանքի տարբեր ասպարեզների ներկայացուցիչներ, Չինաստանում բնակվող և կրթություն ստացող հայեր:


Չինական կողմից որպես պատվո հյուր միջոցառմանը մասնակցում էր Չինաստանի ԱԳՆ Կոմունիստական կուսակցության կոմիտեի անդամ, ԱԳ նախարարի տեղակալ Լյու Բինը։


Շնորհավորելով ՀՀ անկախության տոնի կապակցությամբ՝ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը նշեց, որ փոխակերպվող միջազգային հարաբերությունների պայմաններում Հայաստանի Հանրապետությունը ազգային պետականության ամրապնդման համար որդեգրել է կապերի բազմազանեցման և հավասրակշռման արտաքին քաղաքականություն` առաջ շարժվելով միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներով և տարածաշրջանում ու աշխարհում խաղաղ համակեցության գաղափարով:


Անդրադարձ կատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի միջև Թիենծին քաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ հայտարարությանը՝ դեսպանն ընդգծեց, որ այն վկայում է ինչպես հայ-չինական գործընկերության ընդլայնվող օրակարգի, այնպես էլ՝ առանցքային հարցերում փոխադարձ ամուր  աջակցության մասին:


Ըստ դեսպանի՝ համատեղ հայտարարությունն ամփոփում է երկկողմ հարաբերությունների ձեռքբերումները և առաջ քաշում հավակնոտ նպատակներ բոլոր ոլորտներում հարաբերություններին նոր շունչ հաղորդելու համար: Համատեղ հայտարարության համատեքստում դեսպան Գևորգյանը հատուկ ընդգծեց  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ»  նախաձեռնությունների շրջանակում համագործակցության կարևորությունը:


Չինաստանի ԱԳՆ Կոմունիստական կուսակցության կոմիտեի անդամ, ԱԳ նախարարի տեղակալ Լյու Բինն իր ելույթում ջերմորեն շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախության տոնը՝ ընդգծելով, որ Չինաստանը՝ որպես լավ բարեկամ և գործընկեր, անկեղծորեն ուրախ է Հայաստանի գրանցած առաջընթացով:


ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի և Չինաստանի զարգացումն ու վերածնունդը խթանելու նպատակով Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ ռազմավարական գործընկերության հաստատումը որպես հնարավորություն ընդունելու, մեր ավանդական բարեկամությունը նոր մեկնարկային կետից առաջ մղելու, քաղաքական փոխադարձ վստահությունն ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։


ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո երաժշտական կատարումներով հանդես եկան Պեկինում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի հաղթողները, որին հաջորդեց հյուրասիրություն:

 
 
bottom of page