top of page

«Վառելիքային ճգնաժամը վերածվում է սոցիալականի»․ արձանագրվել է Պուտինի վարկանիշի վերջին 8 տարվա ամենամեծ անկումը

  • 2 hours ago
  • 1 min read


Վառելիքային ճգնաժամը, որը տարածվում է Ռուսաստանի շրջաններում, որտեղ ավելի ու ավելի հաճախ անցնում են կտրոններով և QR-կոդերով բենզինի բաշխման խորհրդային մոդելին, իջեցրել է Վլադիմիր Պուտինի վարկանիշը։

Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (ՀԿՈւՀԿ) տվյալներով՝ հունիսի 22-28-ն ընկած շաբաթվա ընթացքում նախագահի «գործունեության հավանության» մակարդակն ընկել է 3,5 կետով, ինչը դարձել է ամենաուժեղ շաբաթական անկումը 2018 թվականի հունիսից ի վեր, երբ Պուտինը հայտարարեց կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին (այն ժամանակ վարկանիշը մեկ շաբաթում փլուզվել էր 8,5 կետով)։

Ոչ 2022 թվականի աշնան մոբիլիզացիան, ոչ Telegram-ի արգելափակումը, ոչ էլ ինտերնետի անջատումները մեկ շաբաթվա ընթացքում վարկանիշն այդքան ուժեղ չէին իջեցրել, հետևում է կենտրոնի տվյալներից։ Վերջին 20 տարվա ընթացքում, բացի կենսաթոշակային բարեփոխումից, գործող նախագահի «հավանության» մակարդակը միայն մեկ անգամ է ավելի արագ ընկել․ 2009 թվականի սեպտեմբերին Դմիտրի Մեդվեդևը մեկ շաբաթում կորցրել էր 4 կետ։

ՀԿՈւՀԿ-ի տվյալներով՝ հունիսի 28-ի դրությամբ Պուտինի աշխատանքը հավանողների բաժինն իջել է մինչև 66,9 տոկոս։ Սա մի փոքր բարձր է ապրիլին արձանագրված նվազագույն ցուցանիշներից (65,6 տոկոս), բայց 10,9 կետով ցածր է անցյալ տարվա վերջի մակարդակներից։ Պատերազմի պիկային ցուցանիշների՝ 2025 թվականի մայիսի 79,2 տոկոսի համեմատ, Պուտինը, ըստ կենտրոնի, կորցրել է հավանության 12,3 կետ։

 
 
1/2749
bottom of page