Նոր Նորքում ավտոբուսը մխրճվել է խանութի մեջ. վիրավnրներ կա՞ն
- 3 hours ago
- 1 min read

Քիչ առաջ համացանցում տեսանյութ հրապարակվեց, որում երևում էր, որ Նոր Նորքում ավտոբուսը մխրճվել է խանութի մեջ։
Դեպքի առնչությամբ MediaHub-ը կապ հաստատեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ, ով տեղեկացրեց, որ այս պահին գտնվում է դեպքի վայրում և չի կարող վերջնական գնահատական տալ կատարվածին։
«Դեպքը տեղի է ունեցել Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Ավտոբուսը սպասարկելիս է եղել 55 երթուղին։ Վնասված ուղևոր չկա․ ավտոբուսում մարդ չի եղել, քանի որ այն գտնվել է վերջնակետում»,– նշեց Ասատրյանը։
Հարցին, թե ինչպես է վարորդը մեկնաբանում պատահարը, Ասատրյանը պատասխանեց.
«Այս պահին ճիշտ չի լինի վարորդի մեկնաբանությունը փոխանցել։ Այսօր կդիտարկենք ձայնագրությունները և կհասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Դեռ որևէ վերջնական բան չեմ կարող ասել»։
Վերջին շրջանում նմանատիպ դեպքերի հաճախակիացման վերաբերյալ դիտարկմանն ի պատասխան՝ Ասատրյանն ասաց, որ վերապատրաստման գործընթացն ուժեղացվել է։
«Մայիս ամսից ներդրել էինք վերապատրաստման գործընթաց՝ միայն նոր ընդունվող վարորդների համար։ Այժմ պարտադիր ամենօրյա ռեժիմով վերապատրաստում է իրականացվում նաև արդեն աշխատող վարորդների համար՝ թե՛ գործնական, թե՛ տեսական վարման մասով»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է խանութի կրած վնասի փոխհատուցմանը, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ խնդիր չի լինի։ «Մեր ավտոբուսները ապահովագրված են, այդ մասով խնդիր չկա»,– ընդգծեց Գեղամ Ասատրյանը՝ նշելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են։
Ալիտա Եղիազարյան




















