Պետությունից ԲՀԿ-ի ստացած միլիոնները ու «աղքատիկ» նվիրատվությունը
- Investigative journalist
- 3 hours ago
- 1 min read

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2024 թ. հաշվետվությունը։ Civic.am-ը ԿԿՀ կայքից տեղեկացավ, որ որպես օրենքով սահմանված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում կուսակցությունն ստացել է 41 մլն 849 հազար 600 դրամ։ Որպես պետական ընդհանուր ֆինանսավորում՝ 26 մլն 71 հազար 400 դրամ, պետական նպատակային ֆինանսավորումն էլ կազմել է 15 մլն 133 հազար 200 դրամ։ Կուսակցությունը նախորդ տարի ստացել է նաև 300 հազար դրամ նվիրատվություն, այլ մուտքերն էլ կազմել են 100 հազար դրամ։ Մուտքերը կազմել են ընդհանուր՝ 42 մլն 249 հազար 600 դրամ։ Կուսակցության ելքերն էլ կազմել են 36 մլն 696 հազար 158 դրամ, որոնք ծախսվել են տարբեր ուղղություններով՝ աշխատավարձ և այլն: Կուսակցության միակ նվիրատուն Լիանա Մանուկյանն է, որը երկու անգամ նվիրատվություն է կատարել՝ 150-հազարական դրամ։ Ենթադրում ենք, որ նա ԲՀԿ ուսխորհրդի նախագահն է։ Կուսակցությունը նաև 405 հազար դրամ կրեդիտային պարտք է հայտարարագրել, որպես այլ պարտավորություն՝ 1 մլն 598 հազար դրամ։ Դրամական միջոցների մնացորդն էլ կազմել է 76 մլն 825 հազար 783 դրամ։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նշենք, այլևս ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում, բայց այնպես չէ, որ փակել է «քաղաքականության էջը»՝ ինչպես 2015-ի հայտնի դեպքերից հետո։ Նա, սակայն, ժամանակ առ ժամանակ հայտարարություններով է հանդես գալիս՝ այսպես ասած, ռևերանսներ անելով դեպի ՌԴ-ն։
Հ. Մ.