Անչափահասների վերաբերյալ ցանկացած հաղորդակցություն պետք է իրականացվի առավելագույն զգուշությամբ. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
- 1 hour ago
- 1 min read

Վերջին օրերին հանրային տեղեկատվական դաշտում քննարկման առարկա են դարձել Վեդի համայնքում անչափահասների վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները: Ուսումնասիրելով լրատվական դաշտը, պետական իրավասու մարմինների հայտարարությունները, ինչպես նաև սոցիալական հարթակներում առանձին օգտատերերի մեկնաբանությունները դեպքի վերաբերյալ` Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում բոլոր պետական մարմիններին, լրատվամիջոցներին, սոցիալական հարթակների օգտատերերին, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց՝ զերծ մնալ անչափահասների վերաբերյալ զգայուն անձնական տվյալների հրապարակումից և տարածումից, հատկապես այնպիսի տեղեկությունների, որոնք թեկուզ անուղղակիորեն կարող են հանգեցնել նրանց նույնականացման։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ անչափահասների անձնական կյանքի, առողջական վիճակի, հոգեբանական առանձնահատկությունների, ընտանեկան հանգամանքների, հնարավոր տուժողի կարգավիճակի կամ այլ զգայուն տեղեկությունների հրապարակումը կարող է խախտել նրանց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, վնասել նրանց արժանապատվությունը, մասնավոր կյանքը և լավագույն շահը, ինչպես նաև առաջացնել կրկնակի զոհականացում։ Հատկապես մտահոգիչ է այնպիսի տվյալների տարածումը, որոնք առանձին վերցված գուցե չեն նույնականացնում անչափահասին, սակայն այլ տեղեկությունների հետ համադրությամբ կարող են հնարավորություն տալ պարզելու նրա ինքնությունը։ Այդպիսի տվյալներ կարող են լինել բնակության վայրը, տարիքը, ընտանիքի կազմը, առողջական կամ կրթական առանձնահատկությունները, դեպքի ժամանակը և վայրը, ինչպես նաև այլ նկարագրական տվյալներ։
Գործակալությունը հիշեցնում է, որ անչափահասների վերաբերյալ ցանկացած հաղորդակցություն պետք է իրականացվի առավելագույն զգուշությամբ՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով, անձնական տվյալների նվազագույն օգտագործման սկզբունքով և չհրապարակելու անհրաժեշտությամբ այն ամենը, ինչը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով բացահայտել երեխայի ինքնությունը։
«Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել բարձր պատասխանատվություն, պահպանել մասնագիտական և էթիկական սահմանները, ինչպես նաև հանրային հաղորդակցության մեջ բացառել անչափահասների զգայուն անձնական տվյալների ցանկացած հրապարակում կամ վերարտադրում, եթե դա կարող է հանգեցնել նույնականացման։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը շարունակելու է հետևել անչափահասների անձնական տվյալների պաշտպանության պահանջների պահպանմանը և իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր»,- նշել են գործակալությունից։




















