Գյումրիում անկարգություններին մասնակցած և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած 13 անձի գործ դատարանում է
- 1 hour ago
- 1 min read

Դատախազը 2026 թվականի հունիսի 2-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրած, գույքը վնասած 13 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Դատախազը 2026 թվականի մայիսի 19-ին Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցել 13 անձի նկատմամբ:
4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելը) և 327-րդ հոդվածի 1-ին մասերով (հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք վնասելով), 8 անձի նկատմամբ՝ 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (օժանդակություն) և 1 անձի նկատմամբ՝ 452-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա գույքը վնասելը) և 46-327-րդ հոդվածի 1-ին մասերով:
Հիշեցնենք, որ դատախազը 2026 թվականի հունվարի 21-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ զանգվածային անկարգությունները և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելը կազմակերպած ու ղեկավարած 4 անձի՝ Սպարտակ Ղուկասյանի, Կարապետ Ղուկասյանի, Ավետիս Առաքելյանի և Արտյոմ Մկրտչյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:




















