Ինչո՞ւ նույն վճռականությամբ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը չդիմեց Կիրիլին. Բաբաջանյան
- Investigative journalist
- 15 hours ago
- 1 min read
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ռուբեն Վարդանյանի որդու՝ ԱՄՆ նախագահին հասցեագրած դիմումը, որով նա հորդորում է աջակցել հորը և մյուս հայ գերիներին ազատելու հարցում, անկասկած արժանի է գնահատանքի։ Սակայն մի պարզ, բայց սկզբունքային հարց շարունակում է մնալ օդում՝ ինչո՞ւ նույն վճռականությամբ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, ընկերները չդիմեցին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին, որը հենց Բաքվում էր՝ այն նույն քաղաքում, որտեղ Ռուբեն Վարդանյանը պահվում է բանտում։
Բա չէ՞իք կարող խնդրել, որ պատրիարքը, ով այսօր պարգևներ է հանձնում Ալիևներին՝ նրանց «կրոնական հանդուրժողականության» համար, մտներ Բաքվի բանտ և սեփական աչքով տեսներ, թե ինչպես է այդ հանդուրժողականությունը դրսևորվում հայ գերիների նկատմամբ։ Հիշեցնեիք, որ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է միայն այն բանի համար, որ հայ է, քրիստոնյա է։ Հիշեցնեիք, որ հենց Ռուսաստանի պետությունն է, պատրիարքի միջոցով պարգևատրելով Ալիևի ռեժիմը, լուռ քաջալերել Արցախի հայության բռնատեղահանումն ու ճանապարհ հարթել այսօրվա աղետալի իրականության համար։
Ասեք այդ ճշմարտությունը, թե՞ վախենում եք դիմել Մոսկվային։ Ձեր պատկերացումներում Ռուսաստանը միայն փառաբանելու, խոնարհվելու, հնացած աշխարհաքաղաքական պատրանքներին ծառայելու համար է։ Բայց պիտի հստակ գիտակցենք՝ այսպիսի լռությունը ոչ թե առաքելություն է, այլ հանցակցություն։ Ժամանակն է՝ առանց կեղծ երկմտանքի ուղղել բոլոր հարցերը նրանց, ովքեր պատասխանատվություն ունեն մեր ժողովրդի ողբերգության համար»։