ՀՀ-ն հիանալի հասկանում է միաժամանակ և ԵՄ, և ԵԱՏՄ անդամ լինելու անհնարինությունը, որոշումը կկայացնեն ՀՀ քաղաքացիները. Մհեր Գրիգորյան
- May 16
- 1 min read

«Հայաստանը հիանալի հասկանում է միաժամանակ և Եվրամիության, և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ լինելու անհնարինությունը, և երբ նման անհրաժեշտություն առաջանա, Հայաստանի քաղաքացիները կկայացնեն համապատասխան որոշում»,- ՏԱՍՍ-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից և արդյոք այդ հարցի շուրջ հանրաքվե կանցկացվի՝ հաշվի առնելով հանրապետության երկու միությունների անդամ լինելու անհնարինությունը։
Գրիգորյանն ասել է. «Մենք հիանալի հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, և ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի համապատասխան որոշում կայացնել։
Ընդ որում, այդ հարցով որոշում կկայացվի, անշուշտ, Հայաստանի քաղաքացիների կողմից։ Այժմ նման անհրաժեշտություն չկա»։
Միաժամանակ Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, կառուցողական համագործակցություն է վարում, լիարժեքորեն մասնակցում է քննարկումներին և բոլոր որոշումների ընդունման գործընթացներին»։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այդ դեպքում հնարավոր կլինի «խելացի ամուսնալուծություն»։




















