Ցմահ ազատազրկման դատապարտված Թելման Քալաշյանի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել․ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
- 8 hours ago
- 1 min read

Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում չորս անձի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Թելման Քալաշյանի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել, դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, 2025թ․ ապրիլի 17-ին հրապարակել է դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով Քալաշյանին չորս անձի սպանության համար և դատապարտելով ցմահ ազատազրկման։ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատավճիռը, վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։
Նշենք, որ Թելման Քալաշյանն այս ութ տարիների ընթացքում այդպես էլ չի զղջացել կատարվածի համար, ավելին՝ առ այս պահը պարբերաբար բարձրաձայնում է գումարային պահանջների մասին։ Ավելին, տուժող կողմը մտահոգություն ուներ, որ պաշտպանության կողմը փորձում է առաջին ատյանի դատարանում ձգձգել գործի քննությունն այնքան ժամանակ, քանի դեռ դատավորի լիազորությունները՝ կենսաթոշակի անցնելու հիմքով, և գործն ութ տարի տևած քննությունից հետո կվերսկսվի զրոյից, այդուհանդերձ, դատավորը հասցրեց ավարտել գործի քննությունը և հրապարակել վճիռը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսի 1-ին՝ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում։ Թելման
Քալաշյանը մուտք է գործել սգո սրահ, հայհոյանքներ հնչեցրել, ապա՝ կրակոցներ արձակել ներկաների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է չորս անձ, այդ թվում՝ ՌԴ-ից եկած Օզմանյան եղբայրները, որոնցից մեկը՝ Ամրոն, քրեական հեղինակություն էր, ևս յոթ անձ ստացել էր մարմնական վնասվածքներ։




















