Հայաստանի ֆուտզալի հավաքականը բոլորին ստիպեց հետևել ֆուտզալին. Արմեն Մելիքբեկյան
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է ֆուտզալի հավաքականի Եվրո-2026-ի փլեյ-օֆֆ դուրս գալը:
«Մենք հիմա Կաունասում ենք: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել եւ կերտել եվրոպական ֆուտզալի պատմություն, որովհետեւ նորեկներից մեր թիմն առաջինն է, որն առաջին փուլից դուրս է գալիս փլեյ-օֆֆ: Հիմա կարող է թվալ՝ այս հաղթանակները հեշտ են տրվել, բայց դրանց հետեւում կա ահռելի աշխատանք, ծրագիր, որը հետեւողականորեն իրականացրել ենք:
Ամեն ինչ սկսվեց 2020-ին, երբ առաջին անկյունաքարային իրադարձությունը տեղի ունեցավ ֆուտզալում՝ Հայաստանի հավաքականն առաջին անգամ խաղաց Երեւանում: Այս ամենին հավատացողները քիչ էին: Խոշոր ֆուտբոլային ակումբներից շատերը երբեւէ ցանկություն չեն ունեցել զարգացնել ֆուտզալ, տարբեր սեփականատերեր տարբեր տարիների շփումներում ասում էին՝ ֆուտզալն իրենց չի հետաքրքրում:
Մենք ունեինք ծրագիր, որն իրականացնում էին նվիրյալները՝ ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, այն թիմը, որը աշխատում էր ֆուտզալում եւ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, որն ամեն օր եղել է ոչ միայն ֆուտզալի հավաքականի, այլեւ բոլոր իրադարձությունների կողքին: Նպատակն էր՝ ունենալ հավաքական, որը կխաղա Երեւանում եւ նատուրիլիզացված բրազիլացիներ, որոնք կօգնեն աճեցնել մեր ֆուտբոլիստներին: Իհարկե, հույսը երբեք չենք դրել բրազիլացիների վրա, միշտ ցանկանում էինք տեղացի ֆուտբոլիստներ զարգացնել:
Չէի ասի՝ արել ենք անհնարինը, բայց արել ենք այն, ինչ պետք է զարմանալի լինի շատերի համար: Հայաստանի ֆուտզալի հավաքականը բոլորին ստիպեց հետեւել ֆուտզալին: Համոզված եմ, որ այս հաջողությունը ոգեւորիչ կլինի շատերի համար, հայկական ֆուտբոլի մյուս ձեւերի համար»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:




















