«Սա ապտակ է կանանց». Էշլի Գրեհեմը՝ այն մասին, թե ինչպես են քաշի կորստի դեղամիջոցները փոխում գեղեցկության չափանիշները
- 3 hours ago
- 2 min read

Էշլի Գրեհեմը բացահայտորեն հայտարարել է, որ քաշի կորստի դեղամիջոցների արագ աճը և դրանց ազդեցությունը նորաձևության արդյունաբերության և մարմնի դրական շարժման վրա «շատ տխուր» է համարում։
Marie Claire-ին տված հարցազրույցում 38-ամյա մոդելը, որը դարձել է Sports Illustrated-ի առաջին plus-size շապիկի աստղը, նշել է, որ հասարակական գեղեցկության չափանիշները կրկին կտրուկ փոխվում են, և, իր կարծիքով, ոչ դեպի լավը։
Գեհեմի խոսքով՝ հասարակությունը նախկինում ապրել է մարմնի ընդունման և մարմնի բազմազանության մի շրջան, երբ «բոլորը կարող էին լինել իրենք իրենց նման»։ Սակայն, հիմա, նրա կարծիքով, իրավիճակը շրջվում է։
«Հիմա ամեն ինչ ընթանում է հակառակ ուղղությամբ, և դա զգացվում է որպես ապտակ այն կանանց դեմքին, որոնք վերջապես ձայն են ստացել», - ասել է նա։
Մոդելը այս տեղաշարժը բացատրում է GLP-1 դեղամիջոցների, ինչպիսին է Ozempic-ը, լայնորեն կիրառմամբ քաշի կորստի համար։ Նրա խոսքով՝ սա արդեն ազդում է նորաձևության արդյունաբերության վրա, որտեղ ավելի քիչ plus-size մոդելներ են հայտնվում ցուցադրություններին։
Գրեհեմը շեշտում է, որ այս միտումը ժամանակավոր չի համարում, բայց վստահ է, որ այն ամբողջությամբ չի վերացնի մարմնի բազմազանությունը: «Այս դեղամիջոցները մեր ապրած ժամանակների մասն են կազմում: Բայց դրանք չեն վերացնի կանանց մի ամբողջ կատեգորիա», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, մոդելը նշում է, որ մարմնի դրականության շարժումը դեռևս աճում է, հատկապես սոցիալական ցանցերում, որտեղ ի հայտ են գալիս բոլոր կազմվածքի և չափերի ազդեցիկ անձինք՝ ստեղծելով գեղեցկության ավելի իրատեսական պատկերացում երիտասարդ սերնդի համար:
Արդյունաբերությունը քննարկելուց բացի, մոդելը նաև խոսեց իր երեք երեխաների ծնունդից հետո իր անձնական փոփոխությունների մասին: Նա խոստովանեց, որ իր մարմնի հետ հարաբերությունները դարձել են ավելի բարդ:
«Ես ապրում եմ նոր մարմնում, և դեռ դժվարանում եմ հարմարվել դրան: Ես չեմ կարող պարզապես հայելու մեջ ինձ ասել «ես քեզ սիրում եմ»», - ասել է նա: Գրեհեմը շեշտել է, որ գեղեցկության մասին իր ընկալումը փոխվել է հղիությունից հետո, և նա այժմ ձգտում է ընդունել իր այս նոր տարբերակը, այլ ոչ թե փորձել վերադառնալ նախկին չափանիշներին: Երեք երեխաների մայր և մեր ժամանակների ամենաազդեցիկ մոդելներից մեկը՝ Էշլի Գրեհեմը, շարունակում է ակտիվորեն խթանել ներառականությունը և ինքնավստահությունը՝ միաժամանակ ընդունելով, որ հասարակության մեջ մարմնի ընդունման համար պայքարը գնալով դժվարանում է։




















