Երևանը Թեհրանին վստահեցրել է, որ Իրանին որևէ սպառնալիք իր տարածքից երբեք թույլ չի տա. Աբբաս Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հայաստանն Իրանին վստահեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը որևէ սպառնալիք իր տարածքից երբեք թույլ չի տա, հաղորդում է Mehr-ը։
«Երկու կողմերի միջև շատ լուրջ և կառուցողական բանակցություններ են տեղի ունեցել։ Մենք մանրամասն քննարկել ենք լայն տնտեսական համագործակցության հարցեր, դրանց թվում՝ առևտուր, ներդրումներ և տեխնիկական ու ճարտարագիտական նախագծերի իրականացում։ Բացի դրանից, այս հանդիպման քննարկման մեկ այլ թեմա էր երկու երկրների միջև մշակութային համագործակցությունը՝ պայմանավորված խոր և երկարատև մշակութային կապերով։ Կարևոր քննարկումներ են տեղի ունեցել նաև տարանցիկ և հաղորդակցության ուղիների ոլորտում»,- նշել է Աբբաս Արաղչին Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև Երևանում անցկացված բանակցություններից հետո։
Հայկական կողմը մանրամասն պարզաբանումներ է տվել Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ և վստահեցրել, որ տեղյակ է Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գծերի մասին և միշտ ուշադրություն կդարձնի դրանց։ Այդ հավաստիացման հիման վրա՝ Հայաստանը երբեք թույլ չի տա, որ Իրանին որևէ սպառնալիք բխի իր տարածքից, նշել է նա։
«Որոշվել է, որ մոտ ապագայում երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ կավարտվի և կստորագրվի», - եզրափակել է Իրանի արտգործնախարարը։




















