Մայր թատրոնի նոր խաղաշրջանի ազդարարումն ու «Գաբրիել Սունդուկյան 200» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը
- Investigative journalist

- Sep 19
- 2 min read

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Ձմեռային այգում բացվեց «Գաբրիել Սունդուկյան 200» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը և ազդարարվեց թատրոնի 104-րդ խաղաշրջանի բացումը: Ցուցահանդեսը կազմակերպվում է Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։ Ցուցահանդեսին ներկայացված են Գաբրիել Սունդուկյանի անձնական իրերը, որոնք թանգարանի հավաքածուի մաս են կազմում։ Հայ մեծ դրամատուրգի ծննդյան 200-ամյակին նվիրված այս ցուցադրությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում այցելուներին ծանոթանալ սունդուկյանական աշխարհին, ինչպես նաև զգալ ժամանակի շունչը։ Ցուցադրությունը կտևի մինչև նոյեմբերի 1-ը։
Ճեպազրույցի ընթացքում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ներկայացրեց 2025-2026 թվականների խաղաշրջանի նորությունները։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց նոյեմբերին կայանալիք Երևանյան միջազգային թատերական փառատոնին, որին ընթացքում Հայաստան կժամանեն թատերախմբեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մակեդոնիայից և այլ երկրներից։
Հաջորդ նորությունը Մայր թատրոնի թատերական ստուդիայի նոր կուրսի հավաքագրման մեկնարկն է։ Գ․ Սունդուկյանի անվան ազգային թատրոնի ստուդիայի վերաբացումը տեղի ունեցավ 2024 թվականին։ Յուրաքանչյուր կուրս անցնում է երկամյա կրթական ծրագիր՝ դերասանի վարպետություն, բեմական խոսք, շարժում, թատրոնի պատմություն։ Վարդան Մկրտչյանն ազդարարվեց սպասվող պրեմիերաները։ Դեկտեմբերին տեղի կունենա «Երկնագույն նետի ճամփորդությունը» (ըստ Ջաննի Ռոդարիի) մանկական երաժշտական ներկայացման պրեմիերան, իսկ գարնանը սպասվում է մեծ առաջնախաղ՝ Մայր թատրոնի բեմ կբարձրանա շեքսպիրյան «Լիր արքան»։ Վարդան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍՆ-ին շուրջ 80 մլն դրամ արժողությամբ տեխնիկական վերազինման համար։
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, թատրոնի վերջին շրջանի ձեռքբերումներին անդրադառնալով, առանձնացրեց Պաննո արվեստի տան բացումը, որը նոր հարթակ է արվեստի տարբեր ճյուղերում ստեղծագործող անձանց համար։
«Այն ֆորմատները, որ այստեղ տեղի են ունենում, ուղղակի հրաշալի է»՝ նշեց փոխնախարարը։ Դանիել Դանիելյանն իր խոսքում հատկապես կարևորեց համագործակցային ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ երբ մշակութային տարբեր կառույցներ են իրականացնում են համատեղ ծրագրեր, ընդլայնվում է նաև հանդիսատեսի և այցելուների շրջանակը։ Խոսելով թատրոնի ստուդիայի մասին՝ փոխնախարարը նշեց, թե ինչքան կարևոր է, որ մեր ապագա սերունդը կրթվի այնպիսի միջավայրում, ինչպիսին է Մայր թատրոնը, շփվելով այն մարդկանց հետ, ովքեր մեծ ներդրում ունեն հայ թատերարվեստում։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը խոսեց այն մեծ ավանդի մասին, որ ունի Գաբրիել Սունդուկյանը ինչպես հայ գրականության, այնպես էլ հայ թատերարվեստի համար։ Նա արժևորեց այն մշտնջենական հարցերը, որոնց անդրադարձել է մեծ գրողը, հավելելով․ «Եթե մենք չճանաչենք մեր անցյալը, ապա երբեք չենք հասկանա մեր ներկա»։
Գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժնի վարիչ Նաիրա Շահվալադյանը լրագրողների և հյուրերին ամփոփ ներկայացրեց Գաբրիել Սունդուկյանի անցած ուղին, նրա դերը հայ գրականության մեջ, ինչպես նաև գրողի թարգմանչական գործունեությունը։




















