«ՀՐԱՊԱՐԱԿ». ՔՊ-Ի ՈՒՍԱՊԱՐԿԵՐԸ ԳԼՈՒԽ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ, ԱՍԻՉՆԵՐԸ` ՊԱՐՏՎՈՒՄ
- Investigative journalist

- Sep 9
- 2 min read

Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար թեկնածուի ընտրությունը բուռն կուլիսային քննարկումների առիթ է դարձել իշխող թիմում։ Ուրբաթ օրը ԱԺ ՔՊ ֆրակցիայի նիստում, ինչպես հայտնի է, հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը՝ նախկին բուժքույր, որը ՔՊ-ի հնաբնակներից է, երկար տարիներ առողջապահության ոլորտում է աշխատել, սակայն ինքն անձամբ է խոստովանել, որ բարձրագույն կրթություն չի ստացել, եւ, այդ առումով կասկածելի էր, որ թիմը նրան նման բարձր պաշտոնի կնշանակի։
Նրա մրցակիցն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանն էր, որի թեկնածությունն առաջադրվել է խմբակցության ղեկավար կազմի կողմից, կամ, ինչպես ՔՊ-ում են ասում՝ Փաշինյանի թեկնածուն էր նա, կամ առնվազն Փաշինյանի հետ խորհրդակցության արդյունքում էր Բաթոյանի թեկնածությունն առաջադրվել։ ՔՊ-ում մինչ ընտրությունները կարծում էին, որ Բաթոյանն է անցնելու, հակառակ պարագայում նա ծանր տեղը չէր թեւեւացնի ու համաձայնի իր թեկնածությունն առաջադրել։
Սակայն իշխող խմբակցության պատգամավորների քվեարկության արդյունքներն անակնկալի են բերել ոչ միայն Բաթոյանին, այլեւ նրան առաջադրողներին։ Չնայած նիստին ֆրակցիան ամբողջական կազմով ներկա չի եղել, եւ բացակա պատգամավորների թիվը բավականին մեծ է եղել, սակայն փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով Հռիփսիմե Հունանյանի օգտին 8 ավել ձայն է ստացվել։
Հիշենք, որ հանձնաժողովի նախագահի տեղը թափուր էր մնացել Արսեն Թորոսյանի` սոցապնախարար դառնալուց հետո, Հռիփսիմե Հունանյանը նրա տեղակալն էր եւ հրապարակային հայտնել էր նախագահի պաշտոնում առաջադրվելու իր ցանկության մասին: ՔՊ-ում կա մի խումբ, որ խանդով է վերաբերվում Հունանյանի առաջընթացին՝ համարելով, որ տեղակալի պաշտոնին էլ հասել է այն բանից հետո, երբ Լուսինե Բադալյանը հրաժարվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից` ի նշան բողոքի, երբ Նարեկ Զեյնալյանին պարտադրեցին մանդատը վայր դնել։
Ոմանց կարծիքով՝ հանձնաժողովի անդամներից Հունանյանը միակն է, որ ոլորտում աշխատանքային փորձ չուներ, չէր ձգում անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալի համար, հիմա առավել եւս՝ նախագահի պաշտոնի։ Եվ սա խոսում է այն մասին, որ բարձր պաշտոններին նշանակվողների նշաձողն իջեցվել` հավասարվել է շրիշակին: Հիմա ով ասես՝ կարող է նախարար ու հանձնաժողովի նախագահ նշանակվել:
Իսկ Հունանյանի մտերիմները նման կերպ մտածողներին հակադարձում են, որ Հռիփսիմեն նվիրյալ կուսակցական է, ՔՊ-ի հիմնադիրներից, ու այնպես չէ, որ պաշտոն զբաղեցնող մյուս բոլոր ՔՊ-ականները վունդերկինդներ են, Հունանյանն էլ՝ անարժան։
Սակայն այս ընտրության արդյունքների թեման ոչ այնքան անձերով պայմանավորված է քննարկման առարկա դարձել, որքան նրանով, որ ՔՊ-ում մինի-հեղափոխություն է տեղի ունեցել: Այսպես կոչված, շարքային պատգամավորների, ուսապարկերի, վերադասի որոշումները կուրորեն կատարողների թեւը հպարտ հաղթանակ է տոնում «ասիչ» հռչակվածների, որոշում կայացնողների նկատմամբ: Եվ, փաստորեն, արդեն անգամ տապալում են վերեւներում կայացված որոշումները եւ անգամ Նիկոլ Փաշինյանի թեկնածուին են տապալում` ցույց տալով, որ Փաշինյանի նկատմամբ չունեն անվերապահ վստահություն եւ ամենաաննշան թվացող հարցում կարող են հակադրվել շեֆին ու ատամ ցույց տալ։
Սա նաեւ վկայում է, որ հակառակ Փաշինյանի հավաստիացումներին, թե ՔՊ-ում թեւեր ու ճյուղեր չկան, բոլորը հնազանդորեն կատարում են իր հրահանգները, որովհետեւ ինքը «ե՛ւ կառավարություն է, ե՛ւ խորհրդարան, ե՛ւ դատախազություն ու դատարան», իրականում իշխող թիմը բեւեռների է բաժանված, եւ ռումբը կարող է հենց ներսից պայթել: Եթե ՔՊ-ն առաջնորդվեր այն սկզբունքով, որ նման պաշտոնին պետք է պրոֆեսիոնալներ նշանակվեն, ապա կարող էին մի քանի օր սպասել, մինչեւ ՔՊ խմբակցությունը համալրվեր բժշկի մասնագիտությամբ Վանիկ Օհանյանով, որը մանդատ է ստացել Արեն Մկրտչյանի՝ մարզպետ դառնալուց հետո եւ երեկ առաջին անգամ խորհրդարան էր եկել, ընդ որում՝ ուշացած։ Սակայն ՔՊ-ի հատկապես ղեկավար կազմում առաջնորդվում են «լյուբիմչիկներով», մեկը մյուսի դեմ ինտրիգներ հյուսելով ու իրար տակ փորելով, ինչի պտուղներն էլ դառնորեն ճաշակեցին մի քանի օր առաջ։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնը ենթադրում է մոտ երկու հարյուր հազար դրամ ավել աշխատավարձ, ծառայողական ավտոմեքենա։




















