Համոզված եմ՝ ինձ լսող կանայք կիսում են համոզմունքը, որ խաղաղությունն է կորուստները կանխելու բանալին. Միրզոյան
- Investigative journalist
- 8h
- 2 min read

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի բացման արարողությանը և հանդես է եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
«Ես այստեղ եմ արտահայտելու իմ ամուր համերաշխությունն այս օրակարգի և ձեզանից անհատապես յուրաքանչյուրի հետ, իմ համերաշխությունը որպես նախարար, որպես մարդ, իմ համերաշխությունը որպես տղամարդ։
Մինչ լրանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի 25-ամյակը մենք բախվում ենք բարդ պարադոքսի։ Առկա է ամուր միջազգային շրջանակ, որը ճանաչում է ինչպես հակամարտությունների անհամաչափ ազդեցությունը կանանց վրա, այնպես էլ նրանց անփոխարինելի դերը խաղաղության հաստատման գործում։ Այնուամենայնիվ, սկզբունքի և պրակտիկայի միջև անջրպետը դեռևս մեծ է, և, ցավոք, օրեցօր մեծանում է։
Հայաստանի համար մեր հավաքի խորագիրը՝ «Եկել է խաղաղության ժամանակը», խորը իմաստ ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել՝ վերջ դնելով երկարատև հակամարտությանը, որը լի էր արյունահեղությամբ, բռնությամբ, մարդկային կորուստներով, տեղահանությամբ և շատ խորը տրավմաներով։ Երկու երկրներն այժմ աշխատում են ինստիտուցիոնալացնել խաղաղությունը և կարգավորել հարաբերություններն՝ անցնելով հաշտեցման դժվարին ճանապարհով։
Այսպիսով, ես գալիս եմ մի տարածաշրջանից, որտեղ մայրերը, կանայք, քույրերը և դուստրերը տառապել են, զգացել են հակամարտության ծանր հետևանքներն, իրենց սիրելիների կորստի ցավը։ Եվ այսօր շատ պարտավորեցնող և էմոցիոնալ է խոսել մեր հասարակությունում տարածաշրջանային հաշտեցման գաղափարի խթանման գործում նրանց նշանակալի դերի մասին։ Էմոցիոնալ, քանզի մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, թե ինչպիսի դժվարությունների միջով են նրանք անցել։ Պարտավորեցնող, քանզի այսօր առկա խաղաղության օրակարգի միջոցով մենք ձգտում ենք հասցեագրել և ապագայում կանխել նման դժվարությունները, նման կորուստները։
Համոզված եմ, որ Հայաստանում ինձ այս պահին լսող կանայք, կիսում են այն համոզմունքը, որ խաղաղությունն է բանալին՝ ապագա սերունդների համար այդ կորուստները կանխելու միակ բանալին։ Վստահ եմ նաև, որ այդ կանայք, լինի դա գիտակցաբար, թե բնազդաբար, զգում են իրենց առանձնահատուկ դերը խաղաղության առաջմղման դժվարին առաքելությունում՝ այն ժամանակահատվածում, երբ վերքերը դեռևս շատ թարմ և ցավոտ են։ Պետությունն ամուր կանգնած է նրանց կողքին»,- ասել է Միրզոյանը: