7 տարի անց էլ ակտուալ են մնում Սերժ Սարգսյանին ուղղված խոսքերը․ «նա կորցրել է ադեկվատությունն ու չի տիրապետում հանրապետությունում ստեղծված իրավիճակին»
- Investigative journalist

- Sep 11
- 2 min read

Երեկ Սերժ Սարգսյանն իր գործով դատական նիստից առաջ և հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով այսպես կոչված իմպիչմենտի գործընթացին, որը ցանկանում, բայց այդպես էլ չի կարողանում գլուխ բերել Հանրապետական կուսակցությունն ու խորհրդարանական իրենց խմբակցությունը՝ «Պատիվ ունեմը», Սերժ Սարգսյանը երկու օրինակ բերեց՝ Նեպալում և Ֆրանսիայում տեղի ունեցած իշխանափոխությունները։ Նեպալում՝ բռնություններով, սպանություններով, իսկ Ֆրանսիայում՝ վարչապետը հրաժարական տվեց խաղաղ, սահմանադրական եղանակով։ «Ժողովրդի վստահությունը չվայելող իշխանությանը տուն ճանապարհելու այս երկու ճանապարհը կա», - նկատում է Սերժ Սարգսյանը և ակնարկում, որ իրենք ժողովրդին առաջարկում են երկրորդ՝ օրինական ու սահմանադրական ճանապարհը։
Բայց Սերժ Սարգսյանը չի հասկանում, որ իրենք իրենց ձեռնարկում չեն հաջողում, քանի որ էական և հիմնային պայման կա, որը չի բավարարում, որպեսզի Հայաստանում ևս իշխանափոխություն տեղի ունենա․ անգամ Նեպալի ճանապարհով։ Եվ այդ պայմանը լեգիտիմությունն է։ Երկրորդ պայմանն այն է, որ գործող իշխանությունը ոչ միայն լեգիտիմ է, այլև՝ ամենաբարձր վարկանիշն ունեցողը, և չկա գեթ մեկ այլ ուժ, որ ավելի բարձր կամ գոնե մոտ վարկանիշ ունենա արդեն 7 տարի իշխանության ղեկը ստանձնած «Քաղաքացիական պայմանագրին»։ Ահա սա է, որ հավաքական «ընդդիմությունը» 7 տարի է չի հասկանում կամ չի ուզում հասկանալ ու համակերպվել, առերեսվել այս իրողության հետ։ Չլիներ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ՝ այս 7 տարիների բազմաթիվ փորձերից մեկի ժամանակ ընդդիմությունը կհաջողեր ու տուն կճանապարհեր իշխանությանը։ Նախկին իշխանությունները չեն հասկանում, որ 2018 թվականի թավշա հեղափոխության հաջողությունը ոչ թե ինչ-որ տեխնոլոգիաների, Սորոսի, փողի, փիառի, քարոզչության կամ այլ բանի արդյունք էր, այլ՝ գործող, այսինքն՝ այն ժամանակվա Սերժ Սարգսյանի իշխանության լեգիտիմության բացակայության հետևանք։ Լիներ Սերժ Սարգսյանը ընտրված նախագահ, Նիկոլ Փաշինյանը Գյումրիի փոխարեն Մեղրիից էլ քայլելով գար Սերժ Սարգսյանին հրաժարական չէր կարողանա պարտադրել․ այն էլ՝ ընտրվելուց մի քանի օր անց։
Հիմա «ընդդիմությունը» Նիկոլ Փաշինյանին հրաժարական չի կարող և չի կարողնալու պարտադրել, քանի որ Փաշինյանը ընտրվել է ժողովրդի կողմից, լեգիտիմ է, և ժողովուրդը գիտի, վստահ է, որ հերթկան ցանկացած ընտրության ժամանակ ցանկության դեպքում կարող է Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին փոխել մեկ ուրիշով, մեկ ուրիշ ցանկացածով։ Դրա վկայությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացին ականատես է եղել 2018-ին, վստահություն ձեռք բերել՝ 2021-ին, երբ «կենաց մահու» պայքարում ՔՊ-ն հաղթանակ տարավ և ամեն օր համոզվում է ՏԻՄ մակարդակում, ոտեղ գործող իշխանությունը ոչ հազվադեպ անգամ պարտություններ է գրանցում, բայց չի կեղծում ընտրությունների արդյունքները։
Հետևաբար՝ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի ու մյուսների անհաջողության պատճառը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի չմիանալն է իմպիչմենտին, տեխնոլոգիաների վատ կիրառումը, Սորոսի չաջակցելը, արևի շուտ ծագելը, մութը շուտ ընկնելը, կամ անգամ ընդդիմության քաղաքական իմպոտենտությունը, այլ՝ գործող կառավարող ուժի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը, բարձր ռեյտինգն ու ժողովրդի վստահությունը, որ ընտրություններով իրենք ցանկացած պահի կորոշեն, թե ով պետք է կառավարի երկիրը առաջիկա 5 տարիների ընթացքում։
7 տարի անց էլ, փաստորեն, ակտուալ են մնում Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը․ «Պարոն Սարգսյանը լավ չի տիրապետում հանրապետությունում ստեղծված իրավիճակին։ Նա կորցրել է ադեկվատության զգացումը»։
Վոլոդյա Հակոբյան




















