Անվավեր է ճանաչվել Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև կնքված Իսակովի հողամասի առուվաճառքի պայմանագիրը
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 23-ի վճռով բավարարվել է: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող՝ 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
Դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության հայցը, անվավեր է ճանաչել առուվաճառքի պայմանագիրն ու, որպես պայմանագրի անվավերության հետևանք, վճռել՝ ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հողամասի արժեքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ:




















