Գրիգոր Նարեկացու 1075-ամյակին ընդառաջ՝ գրականության առցանց ցուցադրություն

Գրիգոր Նարեկացու 1075-ամյակին ընդառաջ՝ Հայաստանի ազգային գրադարանի կայքում բացվել է գրականության առցանց ցուցադրություն։
Ազգային գրադարանից մանրամասնում են՝ ցուցադրության առանձնահատկությունն այն է, որ ներկայացված են Գրիգոր Նարեկացու տաղերի բացառապես օտար լեզուներով թարգմանությունները՝ հնարավորություն տալով ծանոթանալու Նարեկացու բանաստեղծական ժառանգության միջազգային տարածմանը և տարբեր լեզուներով նրա ստեղծագործությունների ընկալմանը։
Գրիգոր Նարեկացին (մոտ 951–1003) հայ միջնադարյան գրականության և հոգևոր մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից է։ Նրա ստեղծագործությունը, հատկապես «Մատյան ողբերգության» պոեմը և տաղերը, դարերի ընթացքում դարձել են հայ մշակույթի կարևորագույն արժեքներից և թարգմանվել աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Նարեկացու գրական ժառանգությունը նշանակալի տեղ ունի նաև համաշխարհային մշակութային ժառանգության համատեքստում։
Առցանց ցուցադրությանը կարող եք ծանոթանալ՝ հղումով։
Հոկտեմբերի 5-ին, ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Մեծ ցուցասրահում կբացվի ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - 1075 գրականության ցուցադրություն: Միջոցառման ընթացքում բանախոսությամբ հանդես կգա արվեստագիտության թեկնածու Արուսյակ Թամրազյանը։




















