«Ինձ կտրականապես անհամապատասխան է բոլոր իմաստներով շատ բաց կինը». Րաֆֆի Գալստյանը՝ կանանց մասին
- 3 days ago
- 2 min read

Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ NEWS.am STYLE-ը զրուցել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանի հետ։ Նա խոսել է կանանց ազդեցության, իր պատկերացրած իդեալական կնոջ, տղամարդու և կնոջ հարաբերությունների, ինչպես նաև հայկական մենթալիտետի մասին։
Պարողը խոստովանում է, որ իր կյանքում ամենամեծ ազդեցությունն ունեցել է մայրը։
«Իմ ճանաչած կանանցից երևի մայրս է ամենամեծ ազդեցությունն ինձ վրա թողել՝ դեռ մանկուց։ Մորս հետ ես նաև ասոցացնում եմ կնոջ իդեալը, և իմ կյանքում ընտրություններ անելիս հաճախ փորձել եմ դրանք համեմատել մորս հետ»,– ասում է նա։
Խոսելով իր համար անհամապատասխան կնոջ տեսակի մասին՝ Գալստյանը նշում է, որ իրեն մոտ չէ չափազանց բաց կամ չափից ավելի ակտիվ վարքագիծ ունեցող կինը.
«Ինձ կտրականապես անհամապատասխան է ինձանից ավելի ակտիվ աղջիկը կամ բոլոր իմաստներով շատ բաց կինը։ Նաև այն կինը, որի հետ ես կամաչեմ մարդկանց մեջ ազատ զգալ կամ որը երբևէ կարող է ստիպել ինձ ամաչել ինչ-որ մեկի առաջ»։
Պարողը բավական կտրուկ տեսակետ ունի նաև տղամարդու և կնոջ ընկերության վերաբերյալ։
«Ես կարծում եմ՝ տղամարդն ու կինը չեն կարող ընկերներ լինել։ Ես դրան չեմ հավատում, որովհետև երկու տարբեր սեռի ներկայացուցիչների դեպքում խոսում է նաև բնությունը»։
Իսկ իդեալական կնոջ գոյությանը Գալստյանը հավատում է և նույնիսկ նշում է, որ իր կյանքում նման մարդ կա։
«Կարծում եմ՝ իդեալական կին կա, պարզապես պետք է գտնել նրան։ Բայց նաև կնոջ ցանկությունից է կախված՝ դառնալ այդ իդեալական կերպարը։ Այնպես չէ, որ դու պարզապես գտնում ես այդ կերպարին. նա էլ պետք է ցանկություն ունենա ձգտելու դառնալ քեզ համար այդ իդեալը։ Դա երկկողմանի աշխատանք է»։
Խոսելով այն մասին, թե տղամարդիկ ինչ են թերագնահատում կանանց մեջ, պարողը չի շտապում ընդհանրացումներ անել։
«Չեմ կարող ասել, թե ինչն են տղամարդիկ թերագնահատում կանանց մեջ՝ հենվելով բոլորի օրինակների վրա։ Ավելի շատ դա կախված է անձից, ոչ թե սեռից։ Կարող ես ինչ-որ բան թերագնահատել թե տղամարդու, թե կնոջ մեջ»։
Նա նաև հետաքրքիր դիտարկում ունի «անհասանելի աղջկա» գաղափարի մասին.
«Երբեմն քեզ համար «հասանելի» աղջիկն էլ կարող է քեզ անհասանելի մնալ։ Նա կարող է հասանելի լինել բոլոր առումներով, բայց միևնույն ժամանակ մնալ անհասանելի»։
Կնոջ վարքագծում Գալստյանի համար անընդունելի է այն մոտեցումը, երբ կանայք փորձում են պարտավորեցնել տղամարդկանց միայն այն պատճառով, որ իրենք կին են։
«Կարծում եմ՝ աղջիկն այնպիսին պիտի լինի, որ առանց ինչ-որ բան անելու տղան պարզապես ցանկանա աշխարհը շուռ տալ նրա համար։ Ես ոչինչ չունեմ ոչ մեկի արարքի դեմ, բայց նաև չեմ սիրում, երբ աղջիկները նույն բանն են անում, ինչ տղաները՝ ասելով, թե մենք հավասար ենք ամեն ինչում։ Մենք, իհարկե, հավասար ենք, բոլորս մարդ ենք, բայց մեր հայկական մենթալիտետում կնոջ ու տղամարդու գործողությունները, այնուամենայնիվ, տարբեր են դիտվում»։
Պարողը հավելում է.
«Ինձ համար աղջկա ցանկացած արարք, եթե այն համեմատվում է տղամարդու արածի հետ, մի փոքր այլ է ընկալվում։ Երբեմն նաև զայրացնում է այն, որ երբ կնոջը պետք է, հիշում է, որ տղամարդը տղամարդ է, իսկ երբ ձեռնտու չէ, մոռանում են դրա մասին»։
Կանանց տոնի առթիվ Րաֆֆի Գալստյանը նաև իր շնորհավորանքն է հղում հայ կանանց։
«Հայ կանանց մաղթում եմ երջանկություն, շատ սեր, որ միշտ այդքան գեղեցիկ մնան, ժպտան, երջանկանան և երջանկացնեն։ Կանայք են տղամարդկանց կյանքը դարձնում գեղեցիկ, կանայք են մեր շարժիչ ուժը, որոնք մեզ տալիս են մոտիվացիա ու նպատակ։ Եթե կանայք չլինեին, այս աշխարհը, երևի, չէր լինի»։




















