Ցավում ու ավանսով կարեկցում ենք Իշխան Սաղաթելյանին՝ նույն փոցխի վրա նորից կանգնելու որոշման համար
- Investigative journalist

- 5 hours ago
- 2 min read

Կրկնությունը գիտության մայրն է։ Այս դասական, իր ակտուալությունը երբեք չկորցնող ասացվածքով են հավանաբար առաջնորդվում ՀՅԴ-ում, երբ բանը հասնում է քաղաքական օրակարգի դատարկությունը ինչ-որ պոպուլիստական թեմայով լցնելուն։ Իմպիչմենտի թեմա, գերիների թեմա, քաղբանտարկյալների թեմա, մի խոսքով՝ «նայած իրավիճակին ու հանգամանքներին»։
Քանի որ գալիք համապետական ընտրություններին կես տարի է մնացել, ուստի 135-ամյա կուսակցությունը պետք է կենդանության սիմպտոմներ ցույց տա, ուստի գցել-բռնել որոշել են կրկնել մի բան, որը մի անգամ արդեն արել են ու․․․ ցավոտ ֆիասկո արձանագրել։ Խոսքը «դիմադրության ճակատ» ձևավորելու մասին է, որի մասին ԱԺ ամբիոնից երեկ խրոխտ ազդարարեց «Դիմադրության շարժում-2022» սեզոնի գլխավոր ռեժիսոր, պրոդյուսեր, գեղղեկ, գլխավոր դերակատար, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ «ընդդիմության առաջնորդ» ու համատեղությամբ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Ի դեպ, հիշյալ խմբակցությունը, ինչպես արդեն հայտնել ենք, երեկ որոշել էր քաղաքական իր օրակարգի դատարկությունը ինչ-որ բանով «լցոնելու» համար քաղբանտարկյալների թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրել։ Սաղաթելյանն էլ, որպես «հարկի տեր»՝ առիթն ու ամբիոնն օգտագործելով, կրկնեց իրենց՝ արդեն քանիցս լսված «թոթոլ թեզերը» «ՀՀ իշխանության ղեկին հայտնված վարչախմբի» «պետականակործան», «ինքնությունախեղող» լինելու մասին՝ բխեցնելով. «Իրենց հակահայ ծրագրերն իրականացնելու համար սկսել են բռնաճնշումների նոր ալիք, ու ովքեր կանգնած են հայկական պետական շահերի պաշտպանության դերում՝ նրանց հերթով փորձում են կեղծ, շինծու մեղադրանքներով հետապնդել ու մեկուսացնել…Էսօր մարդուն ազատ խոսքի համար մեղադրանք են առաջադրում ու կալանավորում են։ Էսօր եթե համայնքի ղեկավար է ընտրվում ընդդիմադիր գործիչ, կամ ձերբակալում են, կամ՝ սպանում, քաղաքական հայացքների համար մարդկանց սեփականությունը խլում են։ ․․․Եվ այս ամենն արվում է մեր երկրի սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունների շրջանակներում»։ Թերևս կհամաձայնեք՝ ցինիզմի «վիսշի պիլոտաժ է», երբ քաղաքական ռեպրեսիաների, շինծու մեղադրանքների, ազատ խոսքի համար կալանավորելու, սեփականությունից զրկելու մասին է խոսում մի խմբակցության ներկայացուցիչ, որի քաղաքական կուրատորի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումը հենց վերոհիշյալ թվարկումների հետ է ասոցացվում։ (Հա, ի դեպ, ազատ խոսք ասացինք, հիշեցինք մարդու կյանք արժեցած «պրիվետ Ռոբ»-ը)։
Ներածական այս զեղումից հետո դաշնակցական պատգամավորն անցավ «բուն թեմային»՝ ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը պետք է մեկտեղեն իրենց ուժերը, իմա՝ դիմադրության ճակատ ձևավորեն՝ «այս ամենը կասեցնելու» համար։ «Մենք հավատում ենք, որ մեր երկրի ընդդիմադիր դաշտի ազգային-պետական մտածողություն ունեցող հասարակական-քաղաքական շրջանակները կունենան այդ գիտակցությունը, մենք կկարողանանք միասին ձևավորել այդ դիմադրության ճակատը՝ Հայաստանի Հանրապետության ազգային շահերը պաշտպանելու և այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Ես հայտարարում եմ, որ մենք հաջորդ շաբաթվանից Հայաստանի բոլոր ընդդիմադիր դերակատար ուժերի հետ սկսելու ենք այս խորհրդակցությունները և կարողանալու ենք այդ ամբողջական կոնսոլիդացիան, առնվազն իմ վերը նշած օրակարգային հարցերի շուրջ, ունենալ»։
Իշխան Սաղաթելյանի հիշյալ ելույթն ու դրա շեշտադրումները, անկեղծ ասած, մեզ մոտ դեժավյու հարուցեցին․հիշեցինք 2022-ի Դիմադրության շարժման օրերը, դրան նախորդած ու հաջորդած շրջանի ելույթներն ու հայտարարությունները (նորեն ընկեր Իշխանի անզուգական կատարմամբ), հիշեցինք այդ շարժմանը հաջորդած շարժումներն ու դրանց շրջանակում արված կոնսոլիդացիայի մասին կոչ-հորդոր-ցուցում-խնդրանք-աղաչանք-պաղատանքները․․․Ու ամենակարևորը՝ թվարկված բոլոր գործողությունների գրանցած զրոյական արդյունքը, այն է՝ կատարյալ ձախողումը հիշեցինք։
Համոզված ենք, որ հերթական այս՝ «նախընտրական դիմադրությունն» էլ՝ ճակատի, թիկունքի թե մարմնի այլ մասի հետ ասոցացվող, ընդհուպ՝ «Մեր ձևով», կարժանանա նույն վախճանին։ Այս ենթադրությունն անում ենք՝ հաշվի առնելով քաղաքական դաշտի ընդդիմադիր սեկտորում առկա՝ այդպես էլ չփոխված «ստատուս քվոն» ու անադեկվատ հավակնությունները։
Մեզ մնում է ավանսով կարեկցել ՀՅԴ-ին ու մասնավորապես պարոն Սաղաթելյանին՝ հերթական հիասթափությանն ու խայտառակությանը բախվելու համար։ Հայտնի իրողություն է՝ հնարավոր չէ ամեն անգամ, նույն դերակատարներով ու կազմով անել միևնույն բանն ու ակնկալել ուրիշ արդյունք։
Հ. Մանուկյան




















