top of page

Իտալիան ենթարկվել է շոգի նոր ալիքին․ վտանգի կարմիր մակարդակ կսահմանվի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում

  • 3 hours ago
  • 1 min read


Իտալիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներն առաջիկա օրերին կհայտնվեն եղանակային վտանգի առավելագույն՝ կարմիր մակարդակում՝ ծայրահեղ շոգի նոր ալիքի պատճառով, հայտնել է BBC News-ը։

Իտալիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ արդեն շաբաթ օրը վտանգի կարմիր մակարդակ էր հայտարարվել 19 քաղաքում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Վենետիկում և Նեապոլում։ Մինչև երկուշաբթի նախազգուշացումը կգործի երկրի 27 խոշոր քաղաքներից 25-ում։

Օդի ջերմաստիճանը բազմաթիվ շրջաններում արդեն հասել է +35°C-ի, իշխանությունները զգուշացնում են, որ շոգը վտանգ է ներկայացնում ոչ միայն տարեցների, երեխաների և քրոնիկական հիվանդություններ ունեցող, այլև լիովին առողջ մարդկանց համար։

Բնակիչներին խորհուրդ է տրվում խուսափել արևի տակ գտնվելուց ժամը 11:00-ից մինչև 18:00-ը, հնարավորության դեպքում մնալ փակ տարածքներում և ավելի շատ հեղուկ օգտագործել։

Օդերևութաբանների տվյալներով՝ շոգի նոր ալիքի պատճառը Հյուսիսային Աֆրիկայից եկող մերձարևադարձային հակացիկլոնն է, որն ուժեղանում է Միջերկրական ծովում։

Ծայրահեղ շոգի ֆոնին միաժամանակ մի շարք եվրոպական երկրներ շարունակում են պայքարել լայնածավալ անտառային հրդեհների դեմ։ Ֆրանսիայում կրկին բռնկվել է խոշոր հրդեհ Վար դեպարտամենտում, Հունաստանում շարունակվում է բնակիչների և զբոսաշրջիկների տարհանումը հրդեհով բռնկված շրջաններից, Իսպանիայում տարեսկզբից արդեն այրվել է ավելի քան 200 հազար հեկտար՝ տարվա այս շրջանի միջին ցուցանիշից մոտ հինգ անգամ ավելի։

Եվրոպական Copernicus Climate Change Service ծառայության տվյալներով՝ Եվրոպան շարունակում է մնալ աշխարհի ամենաարագ տաքացող մայրցամաքը․ այստեղ ջերմաստիճանը բարձրանում է համաշխարհային միջին տեմպերից մոտ երկու անգամ ավելի արագ, ինչը նպաստում է շոգի ալիքների հաճախացմանը և խոշոր բնական հրդեհների թվի աճին։

 
 
1/2787
bottom of page