«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել
- 8 hours ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում վերջին օրերին լարված մթնոլորտ է տիրում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը անցած շաբաթվա վերջին հավաքել է աշխատակազմին և փակ ժողով անցկացրել։
Ըստ «Ժողովուրդ»-ի՝ իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների, Նահապետյանը հայտարարել է, որ առաջիկայում «առավել լարված օրեր» են սպասվում, ուստի անհրաժեշտ է «գոտիները ձգել»։ Նա աշխատակիցներին զգուշացրել է, որ արտաժամյա աշխատանքը գրեթե անխուսափելի է լինելու, իսկ գործի ծավալը՝ զգալիորեն աճելու է։ Աշխատակազմին նաև հորդորվել է չտրտնջալ ծանրաբեռնվածությունից և պատրաստ լինել ինտենսիվ աշխատանքի։
Թե ինչով է պայմանավորված նման մոբիլիզացիան՝ պաշտոնապես չի հաղորդվում, սակայն համակարգում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ դա կարող է կապված լինել հունիսի 7-ին նախատեսվող ընտրությունների նախաշեմի հետ։ Քաղաքական շրջանակներում վաղուց են քննարկումներ ընթանում այն մասին, որ իշխանությունը ընտրական գործընթացներին ընդառաջ ակտիվացնում է ուժային կառույցների աշխատանքը՝ ընդդիմադիր շրջանակների նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















