Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամյան ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան
- 1 hour ago
- 1 min read

Արագածոտնի մարզի առողջապահության եւ սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյանը Aravot.am-ին հայտնել է, որ անձնապես, ոչ ի պաշտոնե, փորձել է մանրամասներ պարզել Օրգով համայնքի 12-ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով եւ պարզել է, որ երեխան թմրանյութը ձեռք է բերել անձամբ, տելեգրամյան ալիքից:
«Ինձ ասացին, որ երեխան հեռախոսով տելեգրամյան ինչ-որ ալիքից ինքն է առել, էքսկուրսիան դրա հետ կապ չունի»,–ասել է նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։
«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ահազանգել էր, որ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։
«Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։ Ընդ որում, բժիշկները փաստել են, որ երեխան առաջին անգամ է օգտագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային»,- նշել էր Թորոսյանը։
Դպրոցի տնօրենը ևս մանրամասներ է հայտնել դեպքից՝ նշելով, որ էքսկուրսիայի ժամանակ 21 երեխաներին ուղեկցել են 7 ուսուցիչներ, էքսկուրսիայի ժամանակ բոլորն երեխաներին բարեգործական հիմնադրամը իր տնկարանում հյուրասիրել է լավաշ, պանիր, վարունգ։




















