«Ուղեղների արտահոսք»Պետդեպարտամենտում. ԱՄՆ-ն մեկ տարում մոտ 2000 դիվանագետ է կորցրել
- 1 hour ago
- 2 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը իրականացնում է Պետական դեպարտամենտի լայնածավալ վերակառուցում, որն արդեն հանգեցրել է փորձառու դիվանագետների զանգվածային հեռացման և ամբողջ աշխարհում դեսպանատներում թափուր պաշտոնների թվի աճի, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ամերիկյան դիվանագիտական ծառայության գործող և նախկին աշխատակիցներին։
Ամերիկյան դիվանագիտական ծառայության ասոցիացիայի տվյալներով, վերջին մեկ տարվա ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունը լքել է մոտ 2 000 դիվանագետ՝ ազատումների, հարկադիր հրաժարականների կամ կամավոր հեռանալու միջոցով։
Միևնույն ժամանակ, 2024 թվականին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ընդհանուր թվաքանակը կազմել է 13 հազար մարդուց մի փոքր ավելին։ Հեռացածների թվում եղել է նաև կարիերային դիվանագետ Քելի Ադամս-Սմիթը, որը արտաքին քաղաքական ծառայությանը նվիրել էր գրեթե երեք տասնամյակ։ 2024 թվականին նա առաջադրվել էր Մոլդովայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, սակայն նոր վարչակազմի գալուց հետո նրա թեկնածությունը, ինչպես նաև կարիերային դիվանագետների տասնյակ այլ նշանակումներ, հետ էր կանչվել։
NBC News-ի տեղեկություններով, Թրամփի վարչակազմը սկզբում քննարկումից հանել է պրոֆեսիոնալ դիվանագետների տասնյակ թեկնածություններ դեսպանական պաշտոնների համար, այնուհետև սկսել է հետ կանչել արդեն պաշտոնավարող դեսպաններին։ ԱՄՆ օրենսդրության համաձայն, արտասահմանյան գործուղումից վերադառնալուց հետո դիվանագետը պարտավոր է 90 օրվա ընթացքում գտնել նոր պաշտոն, հակառակ դեպքում ստիպված է լինում հրաժարական տալ։
Այս ֆոնին, աշխարհով մեկ ամերիկյան դեսպանատների ավելի քան կեսը ներկայումս մնում են առանց Սենատի կողմից հաստատված դեսպանների։ Ամենանշանակալի թափուր պաշտոնների թվում են Ուկրաինան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Պարսից ծոցի մի շարք երկրներ, ինչպես նաև Աֆրիկայի պետություններ։ Դիվանագիտական ծառայության ասոցիացիայի գնահատմամբ, չլրացված դեսպանական պաշտոնների թիվն այժմ գրեթե երկու անգամ ավելի բարձր է, քան նախորդ վարչակազմի օրոք։
NBC News-ի աղբյուրները պնդում են, որ վարչակազմը գնալով ավելի հաճախ նախապատվություն է տալիս քաղաքական նշանակվածներին։ Եթե Թրամփի առաջին ժամկետի ընթացքում դեսպանական պաշտոնների թեկնածուների ավելի քան կեսը կարիերային դիվանագետներ էին, ապա այժմ նրանց բաժինը կազմում է 8%-ից էլ պակաս։
Հեռուստաալիքի զրուցակիցները նաև նշում են, որ Պետդեպարտամենտի փորձառու աշխատակիցները գրեթե չեն մասնակցում առանցքային միջազգային բանակցություններին։ Մասնավորապես, Ուկրաինայի, Ռուսաստանի և Իրանի հարցերով բանակցային գործընթացներն ավելի ու ավելի հաճախ վարում են Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչներն ու նախագահի մերձավոր գործընկերները, այլ ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետները։
Լրացուցիչ դժգոհություն են առաջացրել նաև անձնակազմի գնահատման համակարգում կատարված փոփոխությունները։ NBC News-ի տվյալներով, ծառայողական ատեստավորման նոր չափորոշիչներում աշխատակցի որակների շարքում առաջին տեղում դրվել է «հավատարմությունը»։ Նախկին դիվանագետները զգուշացնում են, որ նման մոտեցումը կարող է հանգեցնել դիվանագիտական ծառայության քաղաքականացման և անկախ փորձագիտական գնահատականի դերի նվազմանը։ Պետական դեպարտամենտում այս մեղադրանքները մերժում են։
Գերատեսչության ներկայացուցիչ Թոմի Փիգոտը հայտարարել է, որ նախագահն իրավունք ունի ինքնուրույն որոշելու, թե ով պետք է արտերկրում ներկայացնի ամերիկյան շահերը, իսկ բարեփոխումներն ուղղված են «Ամերիկան՝ առաջին հերթին» արտաքին քաղաքական գծի իրականացմանը։ NBC News-ի կողմից հարցված նախկին և գործող դիվանագետները կարծում են, որ ներկայիս կադրային փոփոխությունների հետևանքները կարող են զգացվել դեռ երկար տարիներ։
Նրանց կարծիքով, հեռացող աշխատակիցների հետ միասին ԱՄՆ-ն կորցնում է ինստիտուցիոնալ փորձի զգալի ծավալ, աշխարհի առանցքային տարածաշրջանների մասնագետների, օտար լեզուներ իմացող փորձագետների և միջազգային ճգնաժամերի կարգավորմամբ զբաղված պրոֆեսիոնալների։
Նրանց գնահատմամբ, դա կարող է բարդացնել ամերիկյան դիվանագիտության աշխատանքը միջազգային հակամարտությունների և ճգնաժամերի աճող թվի պայմաններում։




















