Դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով սահմանված կարգով քննել ահազանգերը. Աննա Հակոբյան
- Investigative journalist

- 1 hour ago
- 1 min read

Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում նոր գրառում է արել՝ կապված «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ ավելի վաղ արված գրառման մեկնաբանությունների և դրան հետևած ահազանգերի հետ:
««88» սուպերմարկետների ցանցի հետ իմ որևէ առնչության բացակայության վերաբերյալ իմ հայտարարությունից հետո ահազանգեր են հնչում, թե իմ անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել կամ իրենց տարածքները վարձակալության տալ` դրանցում գործող բիզնեսները փակելով։
Նման բովանդակությամբ պնդումներ կան նաև իմ վերոհիշյալ գրառման մեկնաբանություններում։
Նման արարքները, հաստատվելու դեպքում, քրեական պատասխանատվություն են ենթադրում։
Այս առիթով այսօր դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով սահմանված կարգով քննել նշված ահազանգերը։
Ակնկալում եմ, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեությունը, տարածքների վարձակալության պայմանները, դրանցում հարկադրանքի, սպառնալիքի կամ հակաօրինական տարրերի մասին խոսակցությունները կհետաքննվեն և հանրությանը կտրվեն հրապարակային պարզաբանումներ։
Բոլոր այն գործարարներին, ովքեր տուժել են նշված հանգամանքներում, կոչ եմ անում հրապարակայնորեն հայտարարել այդ մասին և, միևնույն ժամանակ, դիմել իրավապահ մարմիններին։
Տրամաբանական կլիներ, որ «88» սուպերմարկետների ցանցը նույնպես հանդես գար հրապարակային պարզաբանումներով։
Մտադիր եմ հետևողականորեն հետամուտ լինել իմ անվան այսպիսի շահարկման բոլոր դեպքերին, իմ անունից անընդունելի և առերևույթ հանցավոր գործողություններ կատարող անձանց բացահայտմանը և նրանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու գործին»,- սոցցանցի իր էջում գրել է Աննա Հակոբյանը։




















