Եկեղեցին պիտի քաղաքականապես բաց թողնի մեզ․ Մենք արդեն պետություն ունեցող ժողովուրդ ենք․ Մարիա Կարապետյան
- Investigative journalist
- 4 hours ago
- 1 min read

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեզ կրոնապետություն չի սպառնում, քանի որ մենք բոլորովին վերջերս ենք դադարել լինել կրոնապետություն։ Մեր կրթությունը անցել է «Մահ իմացեալ՝ անմահություն» խորագրի ներքո։ Որտեղի՞ց մենք իմանայինք, որ ոչ մի պետություն ունեցող ժողովուրդ չի առաջնորդվում «ճշմարիտ մնալու» և դրա համար մահվան պատրաստ լինելու սկզբունքով։ Բոլոր պետությունները ճկուն են (մեր դիտանկյունից՝ խորամանկ ու նույնիսկ նենգ), իսկ մենք՝ սուրբ Վարդանանց ժառանգները։
Եւ երբ մեր Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, ստացվում է նույնը՝ պայքար, հետո մարտիրոսություն։ Խնդիրները լուծելու փոխարեն նահատակության քարոզով են զբաղված նաև բոլոր այն քաղաքական կուսակցություներն ու ուժերը, որ փորձում են ընդօրինակել Եկեղեցու քաղաքական լինելու ձևը՝ «Մահ կամ ազատություն»։ Եւ այս բանաձևը պարզապես չէր կարող չընկնել այլ պետությունների ձեռքը՝ որպես գործիք մեզ մեր իսկ գաղափարների միջոցով կառավարելու համար։
Մենք վերջապես դուրս ենք եկել այդ թակարդից՝ ընտրելով կյանքն ու խաղաղությունը։ Պարզապես մեր Եկեղեցու որոշ սպասավորներ՝ տեսնելով, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները տապալում են մեզ մարտիրոսության ճշմարիտ ուղու վրա պահելու իրենց առաքելությունը, ստիպված դուրս են եկել վճռական մարտի։
Այո, Եկեղեցին պետք է զբաղվի կուսակրոնության ու կանոնադրության հարցով, որ չզբաղվի ժողովրդի քաղաքական ճակատագրի հարցով։ Մեր Եկեղեցին պիտի քաղաքականապես բաց թողնի մեզ։ Մենք արդեն պետություն ունեցող ժողովուրդ ենք։




















