top of page

Ստեփանավանում դանակահարված պայմանագրային զինծառայողը ծանր մարմնական վնասվածք ունի. կա մեկ ձերբակալված

Ստեփանավանում պայմանագրային զինծառայողի դանակահարության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ մեկ անձ ծանր մարմնական վնասվածքով գտնվում է բուժհաստատությունում։

«Առերևույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը, ով զինվորական ծառայության հետ կապ չունի, ձերբակալված է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու և դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Armlur.am-ն այսօր գրել էր, որ ապրիլի 1-ին՝ ժամը 21։ 00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի «Թուրքի թաղ» կոչվող թաղամասում, Խորենացի փողոցի 2-րդ փակուղու հատման խաչմերուկում լուրջ միջադեպ է եղել։

«Վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ են։ Նրանք զորամասում կենցաղային հարցերի շուրջ վիճել են, որից հետո խոսակցությունը շարունակել են փողոցում ու վիճակը այն աստիճան է թեժացել, որ Ա.Մ-ին դանակահարել են, որից հետո շտապ տեղափոխել են հիվանդանոց»,- գրել էր կայքը։

1/1859
bottom of page