top of page

Ալի Լարիջանի․ Շուտով Իրանում նոր հոգևոր առաջնորդ կընտրվի

  • 6 hours ago
  • 1 min read


Շուտով կձևավորվի ժամանակավոր ղեկավար խորհուրդ և կընտրվի Իրանի նոր հոգևոր առաջնորդ։ Ինչպես հաղորդում է Press TV-ն, այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Իր հայտարարության մեջ Լարիջանին նաև նշել է, որ Իսրայելը ձգտում է պառակտել Իրանը։ Սակայն, ըստ նրա, «բոլոր դավադրությունները, որոնք Իսրայելը նախապատրաստել էր Իսլամական Հանրապետության դեմ, այս պահին տապալված են»։

«Ազգը թույլ չի տա ուրիշներին պառակտել Իրանը։ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են իրանցի ժողովրդի սրտին և պետք է սպասեն, թե երբ են իրենց սրտերը խոցվելու ի պատասխան։ Իրանն իր ողջ պատմության ընթացքում դիմակայել է ագրեսիայի բոլոր տեսակներին։ Մարդիկ պետք է մոռանան տարաձայնությունները և միավորվեն»,- լրատվամիջոցը մեջբերում է Լարիջանիի հայտարարությունը։

Մարտի 1-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցի էջում հայտարարել է «պատմության ամենաչար մարդկանցից մեկի»՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին։ Միևնույն ժամանակ Tasnim գործակալությունը պնդում էր, թե հոգևոր առաջնորդը շարունակում է ղեկավարել մարտական գործողությունները օպերատիվ շտաբից։

Հիշեցնենք, որ Իրանում հաստատել են երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել։

Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր, որ Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվել են Ալի Խամենեիի դուստրը, փեսան, թոռը և հարսներից մեկը։

 
 
bottom of page