ԿԳՄՍ փոխնախարարը Ծաղկաձորում հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիկներին
- Investigative journalist

- 5 hours ago
- 1 min read

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հանդիպել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանի ղեկավարությամբ, անցկացնում է տարվա վերջին ուսումնամարզական հավաքը՝ եզրափակելով տարին և նախապատրաստվելով առաջիկա մրցաշրջանին։
Հանդիպման ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը նախարարի տեղակալին ներկայացրել է հավաքականում տեղի ունեցած մարզչական վերջին փոփոխությունները, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու անելիքները։
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը ներկայում նախապատրաստվում է փետրվարին կայանալիք Հայաստանի առաջնությանը։ Այդ նպատակով նախատեսվում է ևս մեկ ուսումնամարզական հավաք անցկացնել հունվարին՝ մրցումներին առավել արդյունավետ պատրաստվելու համար։
Ուսումնամարզական հավաքին մասնակցում են նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները, որոնք վերջերս հաջող հանդես են եկել Ալբանիայի Դուրրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում և վերադարձել մեդալներով և բարձր արդյունքներով։
Ծանրորդների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մարզումային պայմաններին, ձմեռային հանդերձանքին, մարզագույքին վերաբերող հարցեր:




















