«Տոներն են մոտենում, տոներն են մոտենում». Ինչպե՞ս Coca-cola-ն ստեղծեց Սանտա Կլաուսին
- Nov 20, 2022
- 1 min read

Աշխարհի բազմաթիվ երկրներում Ամանորն ու Սուրբ Ծնունդը ասոցացվում են Սանտա Կլաուսի և Coca-Cola-ի հետ: Թերևս քչերն են տեղյակ, որ Սանտա Կլաուսին այն տեսքով, ինչպիսին նա հայտնի է այսօր, ստեղծել է հենց Coca-Cola ընկերությունը:
Coca-Cola-ն աշխարհի ամենահայտնի բրենդն է, սակայն, սա նրա միակ ձեռքբերումը չէ: Coca-Cola-ն տարիներ շարունակ զբաղեցնում է առաջատար դիրքեր ամենաթանկ բրենդների ցանկում: 2015 թվականի տվյալներով նա զիջում է միայն Apple-ին, Microsoft-ին և Google-ին՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:
Բայց ըմպելիք ստեղծելուց զատ, Կոկա-Կոլան նաև մշակույթ է ստեղծում: «Տոներն են մոտենում, տոներն են մոտենում…». բոլորն են հիշում այս տողերը՝ նախապատրաստվելով Ամանորին: Այս երկու երևույթներն այսօր անբաժան են թվում, բայց դրան հասնելու համար ընկերությունը ծախսել է ավելի քան 80 տարի և հսկայական քանակությամբ միջոցներ:
Սանտա Կլաուսին կարմիր հագուստով ցմփոր ծերուկի տեսքով պատկերացնելու համար մենք նույնպես Կոկա-Կոլային ենք պարտական և Հեդդոն Սանդբլոմ անունով նկարչին: Կոկա-Կոլան պատվիրեց նկարչին պատկերել նոր Սանտա Կլաուս, որը կլիներ իրական Սանտա, այլ ոչ թե մարդ, ով պարզապես Սանտայի հագուստ է հագել:
Կերպարը պետք է մոտ լիներ մարդկանց սրտերին՝ անկախ սեռից ու տարիքից: Արդյունքում «ծնվեց» Կոկա-Կոլայի շիշը ձեռքին, եղջերուներին լծված սահնակով ճանապարհորդող և երեխաներին ծխնելույզների միջով նվերներ հասցնող Սանտայի կերպարը: Նա դարձավ ամենամատչելի և ամենաեկամտաբեր ֆոտոմոդելը գովազդային բիզնեսի ողջ պատմության մեջ:




















