«Սայուզի» մասշտաբով ուրիշների արածը իրենով անող Վարդան Ղուկասյանի հերթական վերագրումը
- Investigative journalist

- Aug 21
- 2 min read

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հրամանով՝ ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ Կադասրի կոմիտեն երկարաձգել է ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետները։ Ահա մոտավորապես այսպիսի տպավորություն կարելի է ստանալ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջի հայտարարությունից, որտեղ անդրադարձ է կատարվել կառավարության այսօրվա նիստում Կադաստրի կոմիտեի կողմից շրջանառված իրավական ակտերի նախագծերին, որոնք նախատեսում են մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետների մեկանգամյա երկարաձգման հնարավորություն։
Դե Վարդան Ղուկասյանը «սայուզի» մասշտաբով հարց լուծող է։ Գյումրու Մուշ թաղամասի շինարարությունն էլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Ղուկասյանի ջանքերով կառուցվեց։ Քարոզարշավի ժամանակ էլ իմացանք, որ Շահումյան փողոցի շենքերը երկրաշարժից հետո չեն քանդվել... գուշակեք, թե ում ջանքերով։ Այո, այո՝ Ղուկասյան Վարդանի։ Իհարկե անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է այդ շենքերը, որոնք չէին տուժել երկրաշարժից, և շատ ամուր շենքեր են, որևէ մեկը ուզեր քանդել։ (Այդպիսի դեպքեր Գյումրիում երկրաշարժից հետո եղել են, կամ այդպիսի ցանկություններ այլ շենքերի պարագայում։ Բայց այս շենքերի դեպքում առաջին անգամ այդպիսի բան կարելի է լսել Վարդան Ղուկասյանից։ Դե անապացուցելի հայտարարություններ անելու գործում Վարդան Ղուկասյանը պրոֆեսիոնալ է)։ Դե բայց մարդը դեմն առել է։ Ղուկասյանի ջանքերով շատ բաներ են տեղի ունենում առհասարակ։ Հեչ չզարմանաք, եթե տարիներ անց, երբ արդեն բոլորին ակնհայտ լինի, որ Վաշինգտոնյան ստորագրությունները խաղաղություն բերեցին Հայաստանին և Ադրբեջանին, գլխավոր ջանք թափածը, խաղաղությունը կյանքի կոչածը Վարդան Ղուկասյանը դուրս գա։ «Աստված վկա, ես չեմ խաբում և ճիշտ եմ ասում»։
Իսկ հետաքրքիր է, ի՞նչ եղան իրենց խոստումները։ Ուրիշների արածները իրենց վերագրելը հեշտ է։ Բայց ո՞ւր են Կոմունիստական կուսակցության ներդրումները, որ Վարդան Ղուկասյանը խոստանում էր նախընտրական փուլում։ Դատի տվե՞ց կառավարությանը համայնքին քիչ հատկացումներ անելու համար՝ ինչպես խոստանում էր նախընտրական փուլում։ Սպասենք ռուսների կողմից կառուցվող հիվանդանոցին ևս։
Կառավարության արածները սեփականաշնորհելը ու որպես իր աշխատանք ներկայացնելը Ղուկասյանի ամենաուժեղ կողմն է, իսկ իր նախընտրական խոստումներից, որոնք բացառապես համայնքի իրավասությունների շրջանակներում են, ի՞նչ է արվել։
Ի դեպ՝ կառավարությունը, «Քաղաքացիական պայմանագիր» թիմը իր խոստումներն անշեղորեն կատարում են՝ անգամ այն պարագայում, երբ Գյումրիում չհաջողվեց հաղթել ու իշխանություն ունենալ։ Երեկվանից սկսվել են Շիրակացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ամբողջությամբ կատարվում են պետական բյուջեի միջոցներով։
Մի քանի ամիս անց Վարդան Ղուկասյանը կարող է հայտարարել, որ իր արյան գնով, իր ջանքերով հիմնանորոգվեց, կամ ինքը հիմնանորոգեց Շիրակացու անվան փողոցը։
Վերադառնալով կառավարության որոշմանը՝ իրականում, բնականաբար, Կադաստրի կոմիտեն չի արձագանքել Վարդան Ղուկասյանի դիմումին կամ հայտարարությանը, ինչպես նշվում է քաղաքապետարանի էջում։ Դա կառավարության նախաձեռնությունն է։ Բայց Վարդան Ղուկասյանը, բնավորության համաձայն, փորձում է անգամ սա վերագրել իրեն։ Սա Ղուկասյանի մոտ գործելաոճ է, եթե կուզեք՝ ապրելակերպ։
Վոլոդյա Հակոբյան




















