top of page

Օլիմպիական խաղերում հայ մարզիկը շարժի կգցի հաղթանակի, վերածննդի և համերաշխության շոգեքարշը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jul 23, 2024
  • 1 min read

Հաշված օրերից՝ հուլիսի 26-ին, Փարիզում կմեկնարկեն 33-րդ օլիմպիական խաղերը։ «Խաղերը լայնորեն բացենք» կարգախոսով խաղերին Հայաստանն այս անգամ կներկայանա 15 մարզիկով։ 

Ի՞նչ սպասելիք ունի մեր երկիրն այս անգամ, արդյո՞ք օլիմպիական ոսկի այս տարի կգա Հայաստան․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ։

«Բռնցքամարտ, ըմբշամարտ, ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, լող, հրաձգություն, թեթև ատլետիկա․ այս մարզաձևերում ենք մասնակցելու օլիմպիական խաղերին ու բավականին մեծ սպասելիքներ ունենք, քանի որ անցած եռամյակում Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հաղթանակներ տարած մարզիկների ենք ուղարկում Փարիզ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Ռոստոմյանը։

Ըստ նրա՝ քանի՞ մեդալ կամ ո՞ր մարզաձևերում կբերենք այս անգամ, հստակ չէ, «գուշակություն անելն էլ սպորտում ընդունելի չէ»։

«Բայց այն, որ հայ մարզիկները շատ լավ մարզավիճակում են մեկնելու խաղերին, հստակ է»,- ընդգծեց ՀԱՕԿ քարտուղարը։

«Վստահաբար մեդալներ ունենալու ենք, լավագույն մարզիկներն են գնում խաղերին։ Բայց հիմա կանխագուշակումներ անել չարժե»,- նկատեց նա։

Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրեց, որ բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են ամբողջ ծավալով և որևէ բացթողում չկա։

«Հայերին մնում է երկրպագել մեր մարզիկներին, քանի որ վերջիններս քաջ գիտակցում են, որ այսօր մեր երկրին հաղթանակներ են պետք, և այդ վերածննդի և համերաշխության շոգեքարշը շարժի գցելու պարտականությունը մարզաշխարհը պատրաստ է իր վրա վերցնել»,- ամփոփեց խոսքը Հրաչյա Ռոստոմյանը։

Նարե Գնունի

1/2082
bottom of page