2025-ի 1-ին կիսամյակում լուծվել է տևական ժամանակ քննվող 179 քրվարույթի ընթացք. խորհրդակցություն Տավուշում
- Investigative journalist

- Jul 9
- 3 min read

Ինչպես հայտնել են ՔԿ-ից, Արամ Հարությունյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում Տավուշի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները:
Տավուշի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 2676 քրեական վարույթ, որից 423-ը փոխանցվել է 2023 թվականից, ևս 101 քրեական վարույթ ակտիվացվել է նախորդ տարիների պասիվացված վարույթներից: 2025 թվականի հունվար ամիս փոխանցվել է 537 վարույթ, որից 78-ը եղել են 1 տարուց ավելի ժամկետում քննվող:
2024 թվականին քննված 2676 քրեական վարույթից լուծվել է 2139 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 1357-ը, որից 347-ը՝ 362 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, 1-ը՝ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան, 1009-ը կարճվել է, որից 874-ը՝ ռեաբիլիտացնող, 135-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 267 վարույթ միացվել է, 114-ն ուղարկվել է այլ մարմին, 401-ը՝ պասիվացվել:
Հաշվետու ժամանակահատվածում աճել է դատարան ուղարկված վարույթներով արտադրողականությունը, որը կազմել է 13%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12.4%-ի համեմատ: Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը եղել է 149 քրեական վարույթ:
Տավուշի մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 2256 հաղորդում, որից 2048-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
2024 թվականի ընթացքում դատարան ուղարկված, ինչպես նաև՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 134 մլն 989 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 42 մլն 539 հզր ՀՀ դրամը:
Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 24 քրեական վարույթ, որից 5-ն ուղարկվել է դատարան, 11-ը կարճվել է, 2-ը պասիվացվել է, 1-ը՝ միացվել այլ վարույթի, 5-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:
Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 62 քրեական վարույթ, որից 7-ն ուղարկվել է դատարան, 23-ը կարճվել է, 10-ը հաշվառվել է որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 3-ը միացվել է, 19-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:
2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 20 քրեական վարույթ, որից 1-ն ուղարկվել է դատարան, 2-ը կարճվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 1-ը պասիվացվել է, 5-ն ուղարկվել է այլ մարմին:
2024 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ առկա է եղել 1 տարուց ավելի ժամկետով քննվող 78 քրեական վարույթ:
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում լուծվել է 1 տարուց ավելի ժամկետում քննվող 49 քրեական վարույթի ընթացք, որից 8-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 26-ը կարճվել է, 1-ը՝ միացվել է այլ վարույթի, 3-ն՝ ուղարկվել է այլ մարմին, 10-ը՝ պասիվացվել է, 1-ով կասեցվել է հետապնդման ժամկետը, իսկ 2025 թվականի հունիսի 20-ի դրությամբ լուծվել է 1 տարի և ավել ժամկետում քննվող 179 քրեական վարույթի ընթացք:
2025 թվականի ընթացքում դատարան ուղարկված, ինչպես նաև՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթերով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 124 մլն 40 հզր 443 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 118 մլն 701 հզր 193 ՀՀ դրամը (ներառված է նաև համարժեք գույքի արժեքը):
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 1217 քրեական վարույթ, որից 537-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից:
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննված 1217 քրեական վարույթից լուծվել է 440 վարույթի ընթացքը, որից դատավարական ավարտ են ունեցել 268-ը:
2025 թվականի հունիսի 20-ի դրությամբ քննված քրեական վարույթներով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ համապատասխան իրավաբանական և պաշտոնատար անձանց քննիչի կողմից ներկայացվել է 8 միջնորդագիր:
Վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետը ևս ներկայացրել է 2024 թվականի ցուցանիշները:
2024 թվականին գրանցվել է 253 հաղորդում, որից 234-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
2024 թվականի ընթացքում քննվել է 919 քրեական վարույթ, որից 615-ը փոխանցվել է 2023 թվականից: 919 քրեական վարույթից ավարտվել է 240-ի նախաքննությունը:
2024 թվականին դատարան ուղարկված, ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պետությանը պատճառվել է 9 մլն 483 հզր 836 ՀՀ դրամի նյութական վնաս, որից վերականգնվել է 4 մլն 18 հզր 868 ՀՀ դրամը:
2024 թվականին ըստ քննված քրեական վարույթների 1 քննիչի ծանրաբեռնվածությունը կազմել է 58 քրեական վարույթ, իսկ նույն ժամանակահատվածում ըստ դատավարական ավարտի` 40:
Խորհրդակցության արդյունքներով Քննչական կոմիտեի նախագահը գոհունակությամբ շեշտել է, որ էական առաջընթաց է գրանցվել 2 տարուց ավելի ժամկետում քննվող քրեական վարույթների քանակի նվազման և դրանց ընթացքը լուծելու ուղղությամբ կատարված աշխատանքներում՝ ընդգծելով այդ ուղղությամբ տրված հանձնարարականների պահանջներն անշեղորեն և հետևողականությամբ շարունակելու անհրաժեշտությունը:
Արթուր Պողոսյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է ապօրինի անտառահատումների և ապօրինի ընդերքօգտագործման դեպքերին և հանձնարարել է այդ դեպքերով շարունակել անհրաժեշտ հետևողականությունը քրեական վարույթների բնականոն ընթացքն ապահովելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Հանձնարարվել է նաև հետևողականություն ցուցաբերել հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և առարկայական միջնորդագրեր ներկայացնելու, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընթացքը ողջամիտ ժամկետում լուծելու ուղղությամբ:
Խորհրդակցության վերջում Քննչական կոմիտեի նախագահը շրջայց է կատարել մարզային քննչական ստորաբաժանումներում:




















