top of page

Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ

  • 3 hours ago
  • 1 min read


Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ՝ հիշեցնելով նրանց վերաբերող որոշ օրենսդրական կարգավորումների մասին։

Ուղերձում ասված է․ 

«Սիրելի՛ քաղաքացիներ,արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում հունիսի 17-ը պաշտոնապես նշում ենք որպես Հայրերի օր։

Շնորհավորում եմ բոլոր հայրերին տոնի առթիվ և ցանկանում հիշեցնել հենց նրանց վերաբերող որոշ օրենսդրական կարգավորումների և երաշխիքների մասին, որոնք կարևոր է իմանալ և կիրառել։

Առաջինը հայրության արձակուրդն է։ Աշխատող հայրերը երեխայի ծնվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, իրավունք ունեն օգտվելու 5 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդից։

Բացի այդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման հարցում կարգավորումներ են նախատեսված նաև հայրերի համար։ Այո՛, ոչ միայն մայրը կարող է օգտվել երեխայի խնամքի արձակուրդից, այլև հայրը՝ խնամքի արձակուրդը վերցնելով ամբողջությամբ կամ մաս առ մաս։

Այսօր նաև Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունվեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով կսահմանվի «ծնողական ժամ» եզրույթը։ Այն աշխատող ծնողներին հնարավորություն կտա օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ (կախված երեխաների քանակից) բացակայել աշխատանքից՝ պահպանելով աշխատավարձը։

Սիրելի՛ հայրեր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր օրը՝ մաղթելով առողջություն և ամենայն բարիք»։ 

 
 
1/2726
bottom of page