top of page

Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին բացակայել ՀՀ-ից

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, երեքշաբաթյա ընդմիջումից հետո շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստի մեկնարկին նախագահող դատավորը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին քննարկվել էր Արմեն Գևորգյանին՝ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցության համար ՀՀ պետական սահմանը հատելու թույլտվության հարցը, սակայն միջնորդության լուծումը հետաձգվել էր՝ մինչև պաշտպանի կողմից կհստակեցվեր, թե որ օրերին պետք է բացակայի Գևորգյանը։ Դատավորի փոխանցմամբ՝ պատգամավոր Արմեն Գևորգյանը դատարանին է ներկայացրել ԱԺ նախագահի գրությունը, որի համաձայն, ԵԽԽՎ հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով գործուղումը տեղի է ունենալու հունվարի 23-29-ը։

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ չեն ներկայացվել ծանրակշիռ հիմնավորումներ և որ Գևորգյանը կարող է մասնակցել՝ առցանց։ Բացի այդ, հունվարի 25-ին նախատեսվում է սույն գործով հերթական դատական նիստը, որին, ըստ դատավորի, Գևորգյանի բացակայությունն անթուլյատրելի է։ Գևորգյանն, իր հերթին, արձագանքեց, որ չմեկնելու դեպքում ինքը պետք է առցանց մասնակցի նստաշրջանի աշխատանքներին և կրկին չի կարող ներկա գտնվել դատական նիստին։

Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

 
 
1/2381
bottom of page