Ալիևը սպառնում է ոչնչացնել հայկական բանակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքն է ուղղել մեր երկրին՝ հոխորտալով «ոչնչացնել ցանկացած վտանգ, որ գալիս է Հայաստանից»: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչպես է Հայաստանը փորձում իրականացնել ռազմական շինարարություն և պատրաստ ենք ոչնչացնել ցանկացած սպառնալիք, որը կգնահատենք իբրև վտանգ Ադրբեջանի համար, և կարևոր չէ, թե Հայաստանի տարածքի որ մասում է այն գտնվում», - հոխորտացել է նա:
Ալիևը նաև խոստովանել է, որ երեկ ադրբեջանական զինուժի սադրանքը Գեղարքունիքի մարզում եղել է իր հրահանգով։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողություններ են իրականացվել, ինչի հետևանքով զոհվել է երեք հայ զինծառայող, կան վիրավորներ։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է մեկ զոհի մասին։
Ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում են ադրբեջանական սադրանքի մեղքը բարդել Հայաստանի իշխանությունների վրա՝ հոխորտալով, որ յուրաքանչյուր սպանված ադրբեջանցի զինծառայողի համար հայկական կողմը կկրի հնգակի կորուստ։




















