«Ուզում եք ասել՝ էս Եկեղեցու մեջ կա մեկը, ով Հիսո՞ւս է»․ Տեր Արամ
- Investigative journalist
- 11 hours ago
- 1 min read

«Մի բան գիտեմ, որ որևէ մեկին չեն կարող կալանվորել մի բանի համար, որը չի կատարել։ Եթե որևէ բան չկա, Սրբազանը շուտով ազատ կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սուրբ Հովհանավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանան։ Նրա խոսքով գործի մանրամասներին չի տիրապետում և չգիտի, թե ինչի համար են Արագածոտնի թեմի առաջնորդին կալանավորել, իր հոգևոր եղբայրներին բերման ենթարկել։
Դիտարկմանը՝ թե բոլորն իրեն են մեղադրում, որ իր հայտարարությունների հիման վրա է եղել կալանքն ու իրեն Հուդա են անվանում, Տեր Արամը պատասխանեց․ «Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացրել։ Ո՞ւր մնաց արդարությունը, որ պետք է հասարակ քահանայի խնդրի հետևից չգնան, պիտի եպիսկոպոս լինի՞, որ գնան։ Էդ մարդկանց դռները ոչ ոք չի ծեծում, ասի՝ էս գյուղի տերտերին ի՞նչ եք արել։ Ես եկեղեցու մեջ թշնամիներ ման չեմ եկել․․․Հուդան ո՞ւմ մատնեց, Հիսուսն արդար էր, մեղավոր չէր, հիմա դուք ինձ ուզում եք ասեք, որ էս Եկեղեցու մեջ կա մեկը, ով Հիսո՞ւս է, կա մեկը, որ արդա՞ր է, մեղք չի գործո՞ւմ՝ հասարակ սարկավագից մինչև Կաթողիկոս։ Անգամ իրենք իրենց արդար չեն համարում, ուրեմն ո՞ւմ դեմ եմ մեղք գործել, անհատի՞, թե՞ եկեղեցու։ Ուրեմն Տեր Արամը եկեղեցին չի ներկայացնո՞ւմ»,- ասաց տեր Արամը։