top of page

Հայկակ Արշամյանի ագրեմանը ստացվել է. նա դեսպան կնշանակվի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 day ago
  • 1 min read

NEWS.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ագրեմանը ստացվել է և նա առաջիկայում կնշանակվի Հունգարիայում ՀՀ դեսպան:

Դիվանագիտական մեր աղբյուրի խոսքով՝ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, որը 2023 թվականից համատեղությամբ դեսպան է նաև Հունգարիայում, շուտով հետ կկանչվի Հունգարիայում ՀՀ դեսպանի պաշտանից: Նշենք, որ Սմբատյանի նստավայրը Թբիլիսին է և Հունգարիայում միջոցառումների մասնակցելու կամ պաշտոնական հանդիպումների համար դեսպանը պարբերաբար մեկնում է Բուդապեշտ: Հաշվի առնելով, որ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր, Հայաստանը մտադիր է այդ երկրում առաջիկայում ակտիվացնել դիվանագիտական աշխատանքները:

Տեղեկությունը ճշտելու նպատակով NEWS.am-ը կապ հաստատեց Հայկակ Արշամյանի հետ. վերջինս հրաժարվեց թեմայի վերաբերյալ զրուցել՝ նշելով, որ չի մեկնաբանում լուրը:

Նշենք, որ Հայկակ Արշամյանը Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է 2018թ․ հոկտեմբերից։ Մինչ Հիմնադրամի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  խորհրդականն էր (2018թ. հունիս-հոկտեմբեր)։

Ավելի վաղ Արշամյանն աշխատել է Թրասնփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ում որպես հաղորդակցության և ջատագովության համակարգող։  Հավելենք նաև, որ Հայկակ Արշամյանը պատմական գիտությունների թեկնածու է։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են 2022 թվականից:  2024 թվականի նոյեմբերին Հայաստանի կառավարությունը Հունգարիայում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին որոշում էր կայացրել:

Իսկ արդեն վերջերս՝ 2025թ ապրիլի 30-ի կառավարության նիստում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում Հայաստանը կունենա նաև դեսպանություն Հունգարիայում՝ Բուդապեշտում:

Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրել էր 2012 թվականին, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց 2004-ին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվել էր ազատության մեջ և հերոսացվել։

1/2140
bottom of page