Արեւմուտքն ավանդաբար փորձում է Ռուսաստանին դուրս մղել Սեւ ծովից. Պատրուշեւ
- Investigative journalist
- Nov 2, 2024
- 1 min read

Ռուսաստանին Սեւ ծովից դուրս մղելը ավանդաբար հավաքական Արեւմուտքի կարեւոր նպատակներից մեկն է, եւ ներկայում ոչինչ չի փոխվել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշեւը Ռազմածովային նավատորմի եւ Սեւծովյան նավատորմի հրամանատարության հետ խորհրդակցությունում, Ղրիմ աշխատանքային այցի ժամանակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Պատմական փաստերը վկայում են, որ Ռուսաստանին սեւծովյան ափերից դուրս մղելը ավանդաբար դիտարկվել է անգլոսաքսոնական քաղաքականությունում որպես կարեւոր խնդիրներից մեկը։
Ահա այսօր էլ հավաքական Արեւմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, փայփայում է Սեւ ծովում եւ նրա պարագծով սեփական երկարաժամկետ ներկայությունը հաստատելու պլաններ՝ ի վնաս մեր երկրի օրինական շահերի»,- ասել է Պատրուշեւը։
Նրա խոսքով՝ այժմ «կարեւոր է որոշել ոչ միայն նավերի, դրանց սպառազինության մարտավարա-տեխնիկական բնութագրերի հեռանկարները, այլեւ ապահովել ուժերի հավասարակշռություն, որը կազմում է նավատորմի մարտական հզորությունը»։
Դա թույլ կտա պաշտպանել ՌԴ ազգային շահերը, բարձրացնել ՌԾՄ ունիվերսալությունը եւ ընդլայնել կատարվող խնդիրների շրջանակը, ասել է ՌԴ նախագահի օգնականը։