Օրբանը կհանդիպի Մակրոնի հետ՝ քննարկելու համար Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ չորեքշաբթի կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելու համար Ուկրաինան՝ հինգշաբթի նախատեսված Եվրամիության առաջնորդների արտակարգ գագաթնաժողովից առաջ, հայտնում է Reuters-ը։
Օրբանը նաև հայտարարել է, որ հինգշաբթի անցկացված գագաթնաժողովում ավելի շատ հնարավորություններ է տեսնում ԵՄ-ի ընդհանուր անվտանգության ոլորտում համագործակցելու ուղիներ գտնելու, քան Ուկրաինայի հարցում: Պատասխանելով լրագրողի հարցին՝ Օրբանը հաստատել է, որ կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և նրանք քննարկել են «ամեն ինչ»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունգարիան արգելափակել է ԵՄ փաստաթղթի նախագիծը, որը Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ և ռազմական օգնության նոր փաթեթ է նախատեսում։
Ուրբաթ ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ Հունգարիան արգելափակեց Ուկրաինայի վերաբերյալ տեքստի նախագիծը, որը ներառում էր Կիևին Եվրամիության ներկայացվելիք անվտանգության երաշխիքների մասին բանաձև, ինչպես նաև ռազմական օգնության նոր փաթեթ:
Որոշումը ԵՄ երկրների միջև ավելի լայն տարաձայնությունների մի մասն էր, թե ինչպես աջակցել Ուկրաինային պատերազմի պայմաններում:
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը կհրաժարվի Ուկրաինային հետագա ֆինանսական կամ ռազմական օգնություն տրամադրելուց:
Նա նաև մերժել է այսպես կոչված «խաղաղությունը ուժի միջոցով» բանաձևը, որը, նրա կարծիքով, անիրատեսական քաղաքականություն է։




















