top of page

10-ամյա երեխան վիրահատվել է, բայց MegaMall–ում ոչ մի խնդիր չեն տեսնում

MediaHub-ն այսօր գրել էր, որ 10–ամյա երեխան ստացել է լուրջ վնասվածքներ MegaMall–ի խաղասրահում, արյունլվա վիճակում նրան տեղափոխել են «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց», որտեղ նա 2 ժամ վիրահատվել է։ Նույն հիվանդանոցում նշել են, որ սա առաջին դեպքը չի, այլ չորրորդ դեպքն է, երբ այդպիսի վնասվածքներով MegaMall–ից երեխաներին տեղափոխում են հիվանդանոց։ 

Մեր զրուցակիցը նշել էր, որ երեխան ասել է, որ ինքն ընկել է, քանի որ ռեզինը պատռված է եղել: 

«Ես էլ MegaMall-ում պատռված ռեզին տեսա, ինձ ասացին՝ տեխնիկը նայել է, ամենը նորմալ է, բայց ես տեսնում եմ, որ ռեզինը պատռված է, ասում եմ՝ «ինչպե՞ս է նայել, որ պատռված է», ինձ պատասխանում են, որ դա դեր չի խաղում… այսինքն, այդ ո՞նց դեր չի խաղում, եթե տղա լիներ, ամենը կկորցներ։ Ինձ ասում են՝ էլի տեխնիկ կկանչեն, որ նայի, ու կզանգահարեն ինձ, անցել է 10 օրից ավելի ժամանակ, բայց ինձ չեն զանգել»,– պատմել էր մեր զրուցակիցը։

Վերջապես, MediaHub-ին հաջողվեց կապ հաստատել MegaMall-ի հետ՝ հասկանալու, թե ինչպե՞ս են իրենք մեկնաբանում կատարվածը, ինչո՞ւ է արդեն չորրորդ դեպքը տեղի ունենում, երբ տուժում են երեխաները, սակայն խաղասրահի այդ մասը շարունակում է բաց մնալ, ինչո՞ւ չեն պահպանվում անվտանգության պայմանները:

MegaMall-ի խաղասրահի մենեջերը մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե այս պահին որևէ տեխնիկական խնդիր չկա, մինչդեռ մենք հինգ անգամ  ուղիղ հարց  հնչեցրեցինք՝ արդյո՞ք դեպքից հետո տեխնիկը նայել է, ինչ–որ խնդիր եղե՞լ է խաղասրահի այդ մասում, ստանալով ընդամենը մեկ, ոչինչ չասող պատասխան՝ «այս պահին որևէ տեխնիկական խնդիր չկա»։

Ի վերջո, մեր հարցին MegaMall-ի խաղասրահի մենեջերը (կամ այդպես ներկայացած անձը) պատասխանեց, թե դեպքից հետո նայել են և ոչ մի խնդիր էլ չի եղել. «Դեպքից հետո փակել ենք, տեխնիկն եկել նայել է, տեսել է խնդիր չկա, կրրկին բացել ենք, շարունակել ենք մարդ ընդունել»,- ասաց նա՝ արձագանքելով մեր այն դիտարկմանը, որ երեխայի հարազատները հետո եկել են, տեսել, որ խաղասրահի այդ հատվածը աշխատում է այնպես, կարծես ոչինչ չի եղել, բայց խնդիրն էլ վերացված չի եղել։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ սա արդեն չորրորդ դեպքն է, ինչի մասին երեխայի հարազատներին ասել են ԲԿ-ում, խաղասրահի մենեջերը վստահեցրեց, թե՝ “նման խնդիր երբեք չի եղել և սա առաջին դեպքն է”:

Հետևապես հետաքրքրվեցինք՝ եթե ամենը նորմալ է եղել, ապա ինչպե՞ս է երեխան այնպիսի վնասվածք ստացել խաղահրապարակի ներսում, որի հետևանքով  2 ժամ վիրահատվել է: Մենեջերը պատասխանեց՝ չի կարող ասել և հորդորեց  գնալ և տեսնել՝ հնարավո՞ր է այդտեղ այսպիսի վնասվածք ստանալ, թե՝ ոչ։ Նաև հավելեց, որ երեխաները պարտադիր հագնում են պաշտպանիչ հանդերձանք և իրենց ամբողջովին կապում են: Այդ դեպքում ինչո՞ւ է երեխան նման վնասվածքներ ստացել և եթե հավատանք բժիշկներին՝ նա միակը չէ, այլ առնվազն չորրորդ երեխան է, որ նույն վայրից տեղափոխվել է հիվանդանոց.

“Մանկական խաղասրահ է և անընդհատ էլ ստուգվում է”,- եղավ պատասխանը։

Ի դեպ, մինչ մենեջերի հետ խոսելը մեր զանգին պատասխանեց օպերատորը, և մի ուշագրավ պատասխանը լսեցինք իրենից։ Մենք պատմեցինք, թե ինչ է եղել աղջնակի հետ, ինչին ի պատասխան օպերատորը հարցրեց․ «Ուզում են ճշտում կատարեն սարքված է, թե ոչ, որ նորից մոտենա՞ն, դա՞ է խնդիրը»։  Հիրավի, այդպիսի աբսուրդային հարց չէինք սպասում, որ իրավիճակը նկարագրելուց հետո մտքներով անցնի, որ երկու ժամ վիրահատված երեխայի մասին հարց հնչեցնելու հիմքում միակ մտահոգությունն այն է, որ նորից այցելեն  այդտեղ:

Հիշեցնենք, որ մեր զրուցակիցը նշել էր․ «Երեխան, MegaMall–ի խաղասրահում խաղալիս, բարձրացել է ցանցանման ռեզիններով խաղասրահի մի հատված, որտեղից երեխան վերևից պետք է ռեզինների միջով փափուկ ընկնի, սակայն, մեր երեխան այնպես է սահել, որ այրել է իր մարմնի որոշ հատվածներ, թեև այդտեղ երկաթային ոչինչ չի եղել, որ պատռի, այլ այրվածքով է բացել մաշկը»։

Մարիաննա Արամյան

1/1872
bottom of page