top of page

Ծանրորդները հունիսի 1-ը տոնել են մանկատան փոքրիկների հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ծանրամարտի տղամարդկանց թիմի մի շարք անդամներ հանդիպել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող մանկատներից մեկի փոքրիկների հետ ու շնորհավորել հունիսի 1-ի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում երեխաները նկարվել են աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների հետ ու մարզիկներից նվերներ, ինչպես նաև հավաքականի տղաների ստորագրությամբ խորհրդանշական շապիկ ստացել, իսկ ծանրորդները փորձել են փոքրիկների պատրաստած թխվածքաբլիթները:

«Այս օրը շատ կարևոր օր է երեխաների համար և մենք ցանկացանք անպայման նրանց հետ լինել` տոնն ավելի ուրախ դարձնելու նրանց համար: Թեպետ վստահ եմ, որ տնօրենությունը, դաստիարակներն ու ուսուցիչները փորձում են այդպես անել: Եվ կարծես նրանց մոտ ստացվում է: Նաև մեր չեմպիոնների այցելությունն է կարևոր, որ կյանքի դժվարին այս փուլում գտնվող երեխաները ուղենիշներ ունենան, տեսնեն` ինչ հաջողությունների կարող են հասնել աշխատանքի շնորհիվ»,-ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի խոսքով` մանուկների օրը տոն դարձնելով` օրը հաջողված կարելի է համարել:

«Ուրախ ենք, որ երեխաների միջազգային օրը հավաքականի տղաների հետ մի փոքր տոն ու ժպիտ նվիրեցինք մեր փոքրիկներին: Շարունակելու ենք մնալ նրանց կողքին ու աջակցել, ինչով որ կարող ենք»,-ասել է Գասպարյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մտադիր է նմատիպ նախաձեռնությունները շարունակական դարձնել:

1/2145
bottom of page