top of page

Գյումրիում տեղի ունեցածը քաղաքական անպատասխանատվության դրսևորում է. Փաշինյան

Գյուրիում կառավարման ճգնաժամի հետևանքով  քաղաքապետարանի շատ աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Էմմնա Պալյանը։

Դիմելով Փաշինյանին՝ Պալյանը հետաքրքրվեց, թե կառավարությունն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկո՞ւմ է և ե՞րբ կկարողանան 2,000-ից ավելի քաղաքացիներ ստանալ իրենց աշխատավարձերը:

«Ամենայն հարգանքով յուրաքանչյուրի որոշում կայացնելու իրավունքի նկատմամբ, ուզում եմ հստակ արձանագրել, որ այն, ինչ կատարվել է Գյումրիում, քաղաքական անպատասխանատվության դրսևորում է: Այսօր Գյումրիում չկա որևէ պաշտոնյա, նույնիսկ պաշտոնակատար:

Այդ մարդիկ ազատ, արդար ընտրություններով մանդատ են ստացել, սակայն իրենց քայլերով Գյումրիում ճգնաժամ են ստեղծել, մի հատ էլ կողքից շահարկումների են գնում, թե իշխանությունն է ինչ-որ բան արել, իշխանությունն է ճնշել: Իշխանությունը ո՛չ ճնշել է, ոչ էլ՝ ստիպել: Այդ մարդիկ ուղղակի որոշել են վատություն անել Գյումրիին, գյումրեցիներին, ՀՀ-ին: Հեռանալ   կարելի է այնպես, որ ասենք՝ աղբահանության խնդիր չառաջանա»,- արձագանքեց Փաշինյանը:

Նա  ավելացրեց՝ ճիշտ չեն պնդումները, որ իշխանության ճնշմամբ են վայր դրվել մանդատները.« Գուցե, փորձ է արվել իշխանությանը շանտաժի ենթարկել՝ ինչ-ինչ առավելություններ կամ արտոնություններ պահելու ուղղությամբ, բայց այդ շանտաժը չէր կարող անցնել: Հասկանո՞ւմ եք՝ այնտեղ ղեկավար չկա, որ աշխատավարձերի հարցը լուծվի, գրվի: Բայց ինչքան էլ բարդ է, ՏԿԵ նախարարն ասաց, որ լուծում կտրվի: Հույս ունեմ, որ օրերի ընթացքում կամ առնվազն մեկ շաբաթվա ընթացքում հարցը կլուծվի»։

bottom of page