Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Միասնական տոմսային համակարգին անցնելիս, հուսով եմ, որ մինչև հունվարի մեկը մենք հարյուր տոկոսանոց անկանխիկ վճարելուն կմոտենանք, նաև ակտիվ քննարկում ենք ունեցել ԿԲ-ի հետ, շատ շուտով պետք է լուծվի բանկային քարտով վճարումների խնդիրը, այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև նշեց, որ այս ընթացքը ցույց է տալիս, որ միասնական տոմսային համակարգի վերաբերյալ ընկալումն ընդհանուր առմամբ երևանցիների մոտ կա, և բոլոր խնդիրներով հանդերձ՝ այս համակարգը միանշանակ այն ուղղությունն է, որը այլընտրանք չունի։
«Մենք շուտով ավագանու նիստում անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, որոնք ունենալու են հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ»,- ասաց Ավինյանը:
Ըստ Ավինյանի՝ զեղչային համակարգը կիրառելու են այն մարդկանց համար, որոնք իրապես դրա կարիքն ունեն, առաջիկա նիստերից մեկում էլ ընդունելու են արտնությունների փաթեթը:
Նա նշեց, որ ամբողջական անցումը պետք է մինչև դեկտեմբեր ապահովել:
«Հընթացս նոր վճարման մեթոդներ են առաջանալու: Մենք պարբերաբար կքննարկենք և, միգուցե, մեր քաղաքականության մեջ կրկին փոփոխություններ անենք, ինչպես արեցինք նոյեմբերի 1-ից»,- ասաց քաղաքապետը։
Քաղաքապետը համոզմունք հայտնեց, որ անկանխիկ մեթոդը բերում է թափանցիկության: