top of page

ՍՊԸ-ն դատի է տվել Արթուր Չախոյանին և Մեսրոպ Մանուկյանին զրպարտելու համար և 6 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 day ago
  • 2 min read

«Լիլանարմ» ՍՊԸ-ն քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ բլոգեր Արթուր Չախոյանի և Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։ Հայցվորը խնդրում է դատարանին պարտավորեցնել Մեսրոպ Գևորգի Մանուկյանին սույն գործով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում «ՏիկՏոկ» սոցիալական կայքի իրեն պատկանող «mesropmanukyan» և «Ֆեյսբուք» սոցիալական կայքում իրեն պատկանող «Mesrop Manukyan» օգտահաշվի  միջոցով հրապարակայնորեն հերքել համապատասխան տեսանյութերում և  «Mesrop Manukyan» օգտահաշվում  հրապարակված «Լիլանարմ» ՍՊԸ-ի վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հեռացնել դրանք։


ՍՊԸ-ն նույն պահանջը ներկայացրել է նաև Արթուր Հարությունի Չախոյանի վերաբերյալ՝  սոցիալական ցանցերում իրեն պատկանող օգտահաշիվների (Ֆեյսբուք, ՏիկՏոկ, Տելեգրամ, Թվիթեր (Իքս) և այլն) միջոցով հրապարակայնորեն հերքել համապատասխան տեսանյութերում հրապարակված «Լիլանարմ» սահմանափակ պատասխանատվության ընկերության վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Հայցվորը պահանջում է նաև պարտավորեցնել Մեսրոպ Մանուկյանին և Արթուր Չախոյանին զրպարտության արդյունքում «Լիլանարմ»-ին  պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել, յուրաքանչյուրը՝  6  միլիոն ՀՀ դրամի չափով։  


Հիշեցնենք՝ «Լիլանարմ»-ը օրերս  պարզաբանում էր տարածել վերոհիշյալ դատական  գործով պատասխանողների վերաբերյալ։  Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Օրերս Երևանի քաղաքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի և հայտնի բլոգեր Արթուր Չախոյանի կողմից համացանցում հրապարակված  տեսանյութերը պարունակում են իրականությանը չհամապատասխանող, «Լիլանարմ» ՍՊԸ-ի գործարար համբավն արատավորող զրպարտչական բնույթի տեղեկություններ։  Մասնավորապես, Մեսրոպ Մանուկյանը և Արթուր Չախոյանը նկարահանում և հրապարակային ներկայացնում են մի մանկապարտեզ,  որի  հիմնանորոգման աշխատանքներն ավարտված չեն, դադարեցված են և կշարունակվեն ֆինանսական միջոցների հատկացման համաձայնագիր կնքվելու պահից։ 


Տեսանյութում նկարահանված քանդվող ցանկապատը, չնորոգված կոյուղին և կոնկրետ այդ ասֆալտը առհասարակ նախատեսված չեն պայմանագրի նախագծա-նախահաշվային աշխատանքների մեջ։ Ցանկանում ենք անդրադառնալ նաև Մեսրոպ Մանուկյանի կողմից շատ հաճախ հնչեցվող, «Լիլանարմ» ՍՊԸ կողմից իրականացված մի քանի շինարարական օբյեկտների որակի մասին ակնհայտ անհիմն քննադատություններին։  Վերջինս անդրադառնում է Երևանյան լճի աջակողմյա ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքներին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի  հ. 134 դպրոցին հարակից խաղահրապարակների վերակառուցման աշխատանքներին և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի  Գայի արձանի հարակից մայթերի սալիկապատման  աշխատանքներին՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն»։

 


Դատական հայցը ներկայացվել է մայիսի 26-ին, գործով դատավորն է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Արամ Մկրտչյանը։

 

Հ. Մ.

1/2139
bottom of page