Այն պետությունները, որոնք ունեն նամականիշ, նշանակում է՝ ինքնիշխանության, սուվերենության որոշակի աստիճանի վրա են. Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մասնակցել է «Փոստի պատմությանը նվիրված ֆիլատելիստական ցուցահանդես»-ի նվիրված հատուկ դրոշմակով բացիկի մարման արարողությանը:
Մինչ մարման արարողությունը Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել այս նշանակալի իրադարձության առիթով: Արայիկ Հարությունյանը կարևորել է այն հանգամանքը, որ միջոցառումը դառնում է ավանդական, որին մասնակցում են նաև արտերկրից: «Նամականիշը գիտելիք է, և նման միջոցառումներով մենք պետք է ցույց տանք, որ այստեղ գործ ունենք գիտելիքի ևս մի կրիչի հետ: Դա պետք է պատշաճ կերպով ներկայացնենք մեր հանրությանը՝ աշակերտներին, ուսանողներին, որովհետև այստեղ գալով՝ նրանք ծանոթանում են պատմական տարբեր դրվագներին, փոստի պատմությանը, իմանում են, որ նամականիշը պետության կարևորագույն հատկանիշներից է: Եվ այն պետությունները, որոնք ունեն նամականիշ, նշանակում է՝ ինքնիշխանության, սուվերենության որոշակի աստիճանի վրա են: Կարծում եմ՝ այս ուղղությունը պետք է զարգացնենք: Մենք մեր կողմից փորձում ենք այդ ջանքը գործադրել, բայց նաև կարծում եմ, որ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրվեն»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Բացիկի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արման Աբրահամյանը, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Բացիկի աջ հատվածում պատկերված է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը, իսկ բացիկի ձախ հատվածում առկա են «ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ», «ԵՐԵՎԱՆ 2024» և «ՓՈՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Բացիկի վրա նաև պատկերված է Փոստի պատմությանը նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի լոգոտիպը: Բացիկի դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:
Բացիկի մարման արարողությունից հետո Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ցուցահանդեսում ներկայացված նամականիշների, ծրարների հավաքածուներին։