Մխիթար Հայրապետյանն ընդունել է Nokia ընկերության ներկայացուցիչներին. ձեռք են բերվել պայմանավորվածություններ
- Investigative journalist
- 1 day ago
- 1 min read

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 11-ին ընդունել է Nokia ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության ավագ փոխնախագահ Ռոլֆ Վերների գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են նախարարությունից, Մխիթար Հայրապետյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է ՀՀ կառավարության՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական առաջնահերթ ուղղությունները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերն ու նախաձեռնությունները՝ առանձնահատուկ կարևորելով հեղինակավոր վերազգային ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցությունն ու գործընկերությունը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ucom ընկերության ներկայացուցիչները. հենց հայկական ընկերության հրավերով է Ռոլֆ Վերներն այցելել Հայաստան: Այս համատեքստում նախարար Հայրապետյանն ընդգծել է Nokia և Ucom ընկերությունների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում գրանցած առաջընթացն ու ձեռքբերումները՝ տեխնոլոգիական նոր լուծումների և թվային գործիքների ներդրման համատեքստում։ Ռոլֆ Վերները, իր հերթին, նշել է, որ հայկական ընկերության հետ ձևավորվել է արդյունավետ և վստահելի համագործակցություն։
Կողմերը քննարկումներ են ունեցել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ ևս, մասնավորապես, արհեստական բանականության, թվային փոխակերպման, գիտահետազոտական աշխատանքների համար Հայաստանը որպես հնարավոր գործընկեր դիտարկելու հնարավորության։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա անելիքների վերաբերյալ: